Հայաստանը չի պատրաստվում Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված իր ինքնիշխան տարածքների վերադարձն իրականացնել ռազմական ճանապարհով. Միրզոյան
Հայաստանը չի պատրաստվում Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված իր ինքնիշխան տարածքների վերադարձն իրականացնել ռազմական ճանապարհով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Ռազմական գործողությունների հետևանքով մեր ինքնիշխան տարածքի շուրջ 200 քառակուսի կիլոմետրը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո: Նաև գաղտնիք չի, որ կան թղթով ճանաչված, միջազգային սահմանների առումով Ադրբեջանին պատկանող տարածքներ, որոնք այսօր գտնվում են մեր զինված ուժերի վերահսկողության ներքո: Մենք ունենք ընկալում, պայմանավորվածություն, խոսել ենք, ասել ենք, որ այս տարածքների օրինական տերերին վերադարձի գործընթացը պետք է տեղի ունենա մեկնարկած և շարունակվող սահմանազատման և սահմանագծման գործընթացի արդյունքում»,- ասաց Միրզոյանը:
2024 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում էր իրականացվել Տավուշի մի շարք հատվածներում, այդ թվում՝ Կիրանցի հատվածում: 2025 թվականի հունվարին Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատումը շարունակել հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ։
Ավելացնել նոր մեկնաբանություն