Ռուբեն Ռուբինյանը ԱՄԷ նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդականին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի կարևոր և վստահելի գործընկեր երկրներից է: Նա բարձր է գնահատել այդ գործընկերությունը և նշել, որ հաստատակամ են խորացնելու փոխգործակցությունն ինչպես ավանդական, այդպես էլ մի շարք նոր ոլորտներում:
Նա կարեւոր ձեռքբերում է համարել Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացումը:
Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, ինչպես նաև ներկայացրել Կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Երկուստեք կարևորվել է խորհրդարանական ձեւաչափով համագործակցությունը: Մտքեր են փոխանակվել բարձր տեխնոլոգիաների, կրթության, առևտրատնտեսական, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում փոխգործակցության հետագա խթանմանը վերաբերող հարցերի շուրջ:
Ավելացնել նոր մեկնաբանություն