Իրանը և Քուվեյթը քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Քուվեյթում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Իրանին հանդիպել է Քուվեյթի արտաքին գործերի փոխնախարար Մանսուր ալ-Օթայբիի հետ։ Ինչպես տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բոլոր մակարդակներում երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները։
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ փոխգործակցությանը և այդ կապերի զարգացման ուղիներին։ Հատկանշական է, որ արաբալեզու լրատվամիջոցները հայտնել են, որ իրանական և քուվեյթյան կողմերի հանդիպումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երկու երկրների հարաբերությունները տարիներ շարունակ տևած լարվածությունից հետո դրական զարգացում են ապրում։
Ավելի վաղ Իրանին, անդրադառնալով երկու պետությունների միջև համատեղ հյուպատոսական, իրավական, առափնյա պահպանության և թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովների հանդիպումներին, ասել էր, որ երկու կողմերն էլ այդ ոլորտներում լավ առաջընթաց են գրանցել։
Հիշեցնենք, որ Քուվեյթը նախորդ տարվա օգոստոսին՝ 2016 թվականի սկզբին Թեհրանի և Պարսից ծոցի երկրների միջև դիվանագիտական ճգնաժամից հետո շուրջ 7 տարի անց, վերանշանակեց Իրանում իր դեսպանին։
Добавить комментарий