Опубликовано detq-editor -
ԱՄՆ պետդեպի արձագանքը Ադրբեջանի դիվերսիոն հարձակմանը

ԱՄՆ պետդեպի արձագանքը Ադրբեջանի դիվերսիոն հարձակմանը

«ԱՄՆ-ն հետևում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հրաձգության մասին հաղորդագրություններին և ընդգծում, որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

«Մենք հետևում ենք մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հրաձգության մասին հաղորդագրություններին, որը հինգ մարդու կյանք խլեց… Ցավակցում ենք վիրավորների և զոհվածների ընտանիքներին։ Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, և վեճերը լուծելու համար ուժի կիրառումը երբեք ընդունելի չէ։ Խաղաղությունը պահպանելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ նստելն է, իսկ ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները», - ասել է Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցում:

Նա նաև նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարության՝ կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն տարածաշրջանում է՝ ընդգծելու, որ առաջ շարժվելու միակ ճանապարհն ուղիղ երկխոսությունն ու դիվանագիտությունն է:

«Եվ ինչպես ընդգծել է պետքարտուղարը, ԱՄՆ-ն հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին»,- հավելել է Նեդ Փրայսը։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը ևս մեկ անգամ շեշտել է Վաշինգտոնի համար կողմերի միջև շարունակական ուղիղ երկխոսության և քննարկման կարևորությունը․ «Մենք երկու երկրների համար էլ գործընկերոջ դեր ենք կատարել՝ նպաստելով եռակողմ հիմունքներով երկխոսությանն արտգործնախարարների միջև, ինչպես նաև բարձրագույն ղեկավարների մակարդակով: Մենք պատրաստ ենք, լինի դա երկկողմ, եռակողմ թե բազմակողմ ձևաչափով, շարունակել որպես գործընկեր հանդես գալ տևական խաղաղությունն ամրապնդելուն ուղղված ջանքերն առաջ մղելու գործում»:

Добавить комментарий