
ՀԲԸՄ-ն ու խոշոր այլ կառույցներ Ռուբեն Վարդանյանի հարցով դիմել են միջազգային հանրությանը
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը միացյալ դիմում է ստորագրել՝ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները դադարեցնելու համատեղ կոչով։
Կազմակերպությունները դիմում են միջազգային հանրությանը՝ վճռական դիրքորոշում որդեգրել Ալիևի ռեժիմի դեմ՝ պաշտպանելու արդարությունը, մարդկային արժանապատվությունը և օրենքի գերակայությունը, քանի դեռ շատ ուշ չէ:
Մասնավորապես, հայկական կառույցները պահանջում են.
Արդարություն Բաքվում ապօրինի պահվող բոլոր հայ քաղբանտարկյալների և ռազմագերիների համար։
Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դաժան վերաբերմունքի և նրա արդար դատաքննության իրավունքների շարունակական խախտումների անհապաղ և մանրակրկիտ քննություն։
Դատական գործընթացների թափանցիկություն ու հաշվետվողականություն՝ ապահովելով անկախ միջազգային դիտորդների և օրինական ներկայացուցիչների հասանելիությունը:
Հրատապ գործողություններ՝ ուղղված նրան, որ Ադրբեջանը կատարի միջազգային պարտավորությունները և դադարեցնի Հայաստանի քաղաքացիների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հետապնդումը։
Նրանք նաև հիշեցնում են, որ Վարդանյանն արդեն 18 ամիս է՝ ադրբեջանական գերության մեջ է, իսկ վերջերս հացադուլ է հայտարարել՝ ընդգծելու միջազգային միջամտության հրատապ անհրաժեշտությունը։ 2025 թվականի փետրվարի 19-ին Բաքվի բանտից իր ընտանիքի հետ կարճատև հեռախոսազրույցի ժամանակ նա տեղեկացրել էր դատավարական լուրջ խախտումների, անազատության մեջ դաժան վերաբերմունքի մասին, թե ինչպես են իրեն ստիպել ստորագրել գործի կեղծված նյութերը և զրկել պաշտպանություն նախապատրաստելու իրավունքից։
Կազմակերպություննրը շեշտում են՝ կալանավորված հայերի նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ Վարդանյանի նախորդ դիմումը միջազգային կազմակերպություններին և լրատվամիջոցներին մնացել է անպատասխան, ինչն էլ ավելի լուրջ հետևանքներ է ունեցել:
«Նրա ներկայիս հացադուլը ոչ միայն բողոք է, այլև ահեղ նախազգուշացում. հետագա լռությունն ու անգործությունը միայն կվատթարացնեն Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող հայ ռազմագերիների և ձերբակալված քաղաքացիական անձանց վիճակը»,- շեշտում են կառույցները։
Միացյալ դիմում–կոչը ստորագրել են Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, «Աֆեյան», «Արբանե» համահայկական ծրագրերի, «Ազնավուր», Հ․ Հովնանյան ընտանիքի, «Թուֆենկյան» հիմնադրամները «Օրրան», «Դասավանդի՛ր, Հայաստան», Իրավական պաշտպանության հայկական ճակատ, «Մենք ենք, մեր սարերը» կազմակերպությունները։
Добавить комментарий