այաթոլլա

Իրանի գերագույն առաջնորդը կոչ է անում երկրներին՝ չապավինել Արևմուտքի աջակցությանը

Նրանք, ովքեր հույսը դնում են ԱՄՆ-ի և Եվրոպայի վրա, պետք է նայեն Ուկրաինայի ներկայիս վիճակին, X-ի իր էջում գրել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ շեշտելով՝ արևմտյան երկրների աջակցության հույսը պատրանք է։

«Բոլոր կառավարությունները պետք է հասկանան սա, հատկապես նրանք, ովքեր հույսը դնում են ԱՄՆ-ի և Եվրոպայի վրա»,- ուկրաիներենով գրել է Խամենեին։

«Ազատության» իրանական ծառայությունը նշում է, որ Իրանը հայտնվել է բարդ իրավիճակում, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կրկին սկսել է Թեհրանի նկատմամբ «առավելագույն ճնշման» քաղաքականությունը, իսկ Թեհրանն էլ հրաժարվում է Վաշինգտոնի հետ բանակցություններից։

Նշվում է, որ երկրի տնտեսությունը ծանր վիճակում է։ ՄԱԿ-ի որոշ պատժամիջոցներ թեև 2015-ին կնքված միջուկային համաձայնագրի շրջանակներում մեղմացվել էին, սակայն 2018 թվականին Թրամփի օրոք ԱՄՆ միակողմանի դուրս եկավ միջուկային համաձայնագրից և սահմանափակումներ մտցրեց Թեհրանի նկատմամբ։

Հիշեցնելով, որ 2015-ին կնքված միջուկային համաձայնագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականը՝ «Ազատության» իրանական ծառայությունը նշում է, որ Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները կարող են վերականգնվել, իսկ Վաշինգտոնի հետ բանակցություններին դեմ արտահայտնվողները պնդում են, որ Թրամփի հետ երկխոսությունն ապարդյուն է։

Սպիտակ տան ղեկավարը փետրվարի սկզբին «Իրանի նկատմամբ առավելագույն ճնշումը» վերականգնելու մասին հրամանագիր է ստորագրել, միաժամանակ չբացառելով համագործակցությունը Թեհրանի հետ։

Նախագահ Թրամփի նոր հուշագիրը ենթադրում է Թեհրանի միջուկային զենքի, հրթիռների մշակման կանխում, նավթի արտահանման հեռանկարների զրոյացում։

Ըստ ամերիկյան կողմի՝ Իրանը նավթի վաճառքից ստացած եկամուտներով իր միջուկային ծրագիրն է զարգացնում և հարևան երկրներում ահաբեկիչներին է ֆինանսավորում։
 

Добавить комментарий