ԵԽ

ԵԽ պատգամավորը նամակ է հղել Կայա Կալասին Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների հարցով

Եվրոպական խորհրդարանում Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆերնանդ Կարթեյզերը նամակ է հղել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին և նրա ուշադրությունը հրավիրել Բաքվում անօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների ներկա դրության վրա։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ եվրախորհրդարանականն իր նամակում ընդգծել է, որ Ռուբեն Վարդանյանի վիճակը մեծ մտահոգություն է առաջացնում։

Որպես Եվրոպական խորհրդարանի անդամ՝ Կարթեյզերը անհրաժեշտ է համարել ընդգծել Վարդանյանի կալանավորման և դատավարության հետ կապված հրատապ խնդիրները, որոնք չեն համապատասխանում միջազգային դատաիրավական չափանիշներին։

ԵԽ պատգամավորը նաև նշել է, որ Ռուբեն Վարդանյանի սկսած հացադուլը ևս մեծացրել է մտահոգությունները, քանի որ նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, ինչն անմիջական վտանգ է ներկայացնում նրա կյանքի համար։

«Պարոն Վարդանյանի հետ միասին Ադրբեջանում պահվում են ևս 22 հայեր, որոնց իրավունքները խախտվում են։ Նրանց կալանքը հակասում է միջազգային իրավունքի նորմերին։ Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ ես խորապես երախտապարտ կլինեմ, եթե Դուք ցուցաբերեք ձեր աջակցությունն այս հարցում։ Վստահ եմ, որ ԵՄ-ի կողմից ձեռնարկված կոնկրետ քայլերը կարող են էականորեն օգնել այս կալանավորված անձանց։ Կա աճող մտահոգություն, որ նրանք կարող են օգտագործվել որպես պատանդներ», – իր նամակում գրել է Կարթեյզերը և Կայա Կալասին կոչ է արել դիտարկել հայ գերիների անհապաղ ազատ արձակման հարցով դիմելու հնարավորությունը, իսկ դրանից հետո աջակցել նրանց ապահով վերադարձին Հայաստան։

Պատգամավորն իր նամակը եզրափակել է՝ նշելով, որ այս ամենն, անշուշտ, պայմանավորված է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բարդ հարաբերություններով։

Եվրապատգամավորը խորապես հույս է հայտնել, որ ԵՄ-ն կշարունակի նպաստել այդ հարաբերությունների բարելավմանը և կօգնի պաշտպանել Հայաստանի իրավունքներն ու անվտանգությունն այն պայմաններում, երբ ցանկացած պահի կարող է բռնությունների նոր բռնկում լինել։

 

Добавить комментарий