Մակրոն

Մակրոնն անընդունելի է համարում Ուկրաինայի ապառազմականացման Ռուսաստանի պահանջը

Ֆրանսիան անընդունելի է համարում Ռուսաստանի կողմից առաջադրված պահանջներն Ուկրաինայի ապառազմականացման և չեզոք կարգավիճակի հաստատման վերաբերյալ՝ հաշտության կնքման  համար։

Այս մասին մարտի 6-ին հայտարարել է Ֆրասիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ պաշտպանության հարցերին նվիրված արտահերթ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում:

«Ռուսաստանը հստակ նշել է իր ցանկությունները՝ դրանք հնչեցնելով դեռ 2022 թվականին Ստամբուլի բանակցություններում, դրանք կրկնել է պաշտոնատար անձանց մի մասը: Ոչ մի ՆԱՏՕ, ոչ մի օտարերկրյա զորքեր և Ուկրաինայի ապառազմականացում…. ինչը նրա համար նշանակում է շատ կրճատված կազմով բանակ: Ակնհայտ է, որ այդ պայմաններն անընդունելի են ուկրաինացիների և մեզ համար»,- Մակրոնի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ այդ պայմանները «նույնիսկ ավելի վատն են, քան 2014 թվականին»։ Ֆրանսիայի նախագահը նաև հայտարարել է, որ պատրաստ է երկխոսության Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ, երբ դրա համար լինի հարմար պահ։

«Ես պատրաստ եմ խոսելու (ՌԴ) նախագահ Պուտինի հետ, երբ մենք (Ուկրաինայի նախագահ) Զելենսկիի և մեր եվրոպացի գործընկերների հետ  համարենք, որ դրա համար եկել է հարմար պահը։ Այնպես որ, այդ հարցի պատասխանն է՝ այո», – ասել է Մակրոնը։

Միևնույն ժամանակ նա հավելել է, որ ղեկավարների զրույցներին պետք է նախորդեն բանակցողների շփումները:


 

Добавить комментарий