ՀՀ դեսպանությունը հերքում է Հայաստանից Վրաստան հատուկջոկատայիններ ուղարկելու մասին տեղեկությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանատունը հերքում է վրաստանյան մեդիադաշտում տարածված լուրը, թե թբիլիսյան ցույցերը ցրելու համար Հայաստանի Հանրապետությունից հատուկջոկատայիններ են բերվում Վրաստան։ Այս մասին հայտնում է «Ալիք մեդիա»-ն:
Վրաստանում Հայաստանի դեսպանությունից «Ալիք մեդիա»-ին հայտնել են, որ տարածված տեղեկությունը կեղծ է և որևէ աղերս չունի իրականության հետ. «Կոչ ենք անում և հորդորում ԶԼՄ-ներին զերծ մնալ նմանատիպ ստահոդ տեղեկության տարածումից, ինչպես նաև չտրվել սադրանքների»։
Վրաստանյան «pirvelinews.com» լրատվականը, հղում անելով մի անանուն ցուցարարի, տեղեկություն էր տարածել, թե Հայաստանից հատուկջոկատայիններ են բերվում Վրաստան։
«Սկանդալային տեղեկություններ են տարածվում, որ Հայաստանից հատուկջոկատայիններ են բերվում Վրաստան․ բոլորը ռուսերեն են խոսում»,- «pirvelinews.com»-ի հաղորդմամբ՝ ասել է ցուցարարը՝ նշելով, թե այդ ռուսերեն խոսակցություններից ձայնագրություն ունի։
Добавить комментарий