Արցախ

Հիշողությունը բնաջնջելու Ադրբեջանի քաղաքականության հերթական զոհը ԱՀ կառավարության շենքն է

Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմը շարունակում է ոչնչացնել Արցախի մայրաքաղաքի խորհրդանշական արժեք ունեցող շինությունները: Այս մասին հայտնում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը։

«Հիշողությունը բնաջնջելու քաղաքականության հերթական զոհն է դարձել ԱՀ կառավարության շենքը: Հենց այս շենքի նիստերի դահլիճում է տեղի ունեցել 1988 թվականի փետրվարի 20-ի ԼՂԻՄ մարզային Խորհրդի պատմական նիստը, որով մարզի օրենսդիր իշխանությունը օրինականացրել է արցախահայության՝ Հայաստանի հետ վերամիավորվելու պահանջը:

Այս նույն շենքում են կայացվել մյուս բոլոր բախտորոշ որոշումները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հարնրապետության հռչակումը:

Խորհրդանշական այս շենքի քանդումը, որի արտաքին տեսքի նորոգումը Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմը նախաձեռնել էր դեռեւս անցած տարի, սկսվեց այս տարվա փետրվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Ստեփանակերտ կայացած այցից եւ հողին հավասարեցված պատմական վեց թաղամասերի տեղում, այսպես կոչված, «Հաղթանակի զբոսայգի» հիմնադրելուց հետո»,- ասված է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի գրառման մեջ։

Добавить комментарий