Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպություն՝ MİT

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպություն՝ MİT

Հեղինակ
Հերմինե Մինասյան
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպություն՝ MİT

Թուրքիայում արտաքին հետախուզական գործունեության հանրապետական հիմնական մարմինը Ազգային հետախուզական կազմակերպությունն է (Milli Istihbarat Teşkilatı)։

1965 թ. ընդունված օրենքով թուրքական ԱԱԾ-ն վերակազմավորվում է և ստանում MİT անվանումը: Թեև MİT-ը ստեղծվել էր որպես արտաքին հետախուզական գործառույթներ իրականացնող մարմին, այն երկար ժամանակ գտնվում էր երկրի զինվորականության ազդեցության տակ: Մինչև 1990-ական թթ. MİT-ը գտնվել է երկրի զինվորական իշխանությունների ոչ ուղղակի ղեկավարման տակ: 1965-1992 թթ. MİT-ի բոլոր 11 ղեկավարները եղել են կադրային զինվորականներ:

Թեև MİT-ը, հիմնադիր օրենքի համաձայն, գտնվել է կառավարության հսկողության տակ և ուղղակի կապված է եղել վարչապետի գրասենյակին, բայց դրանում բավական մեծ է եղել զինվորականության ազդեցությունը:

2010 թ. մայիսից MİT-ը ղեկավարում է քաղաքացիական անձ հանդիսացող Հաքան Ֆիդանը, որը համարվում է ներկայիս նախագահ Էրդողանի վստահելի մարդկանցից մեկը:

MİT-ի պարտականությունն է՝

  • Թուրքիայի Հանրապետության ու ժողովրդի ամբողջականության, անկախության, անվտանգության, սահմանադրական կարգի դեմ ներքին և արտաքին հնարավոր գործողությունների վերաբերյալ հետախուզական տեղեկատվության ապահովումն ու ներկայացումը երկրի նախագահին, վարչապետին, գլխավոր շտաբի պետին, Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարին և ըստ անհրաժեշտության՝ այլ կառույցներին,
  • պետության ազգային անվտանգության քաղաքականության հետ կապված ծրագրերի մշակման և իրագործման հարցում երկրի բարձրագույն ղեկավարությանն անհրաժեշտ հետախուզական տեղեկատվությամբ ապահովումը,
  • հակահետախուզությունն ու ահաբեկչության դեմ պայքարը:

MİT-ի կենտրոնակայանը գտնվում է Անկարայում, իսկ բոլոր նահանգներում գործում են տարածքային վարչություններ: MİT-ում գործում է 6 հիմնական վարչություն՝ Ռազմավարական վերլուծությունների, Հակահետախուզության, Արտաքին գործողությունների, Անվտանգային հետախուզության, Էլեկտրոնային և տեխնիկական հետախուզության, Ազդանշանային հետախուզության։

MİT-ի կազմում ստեղծվել է նաև նոր ստորաբաժանում, որը պետք է ստանա, համակարգի և վերլուծի ԱԹՍ-ներից ստացված հետախուզական տեղեկությունները: Նախկինում սա գտնվում էր բացառապես Գլխավոր շտաբի իրավասության ներքո, իսկ հիմա այն փոխանցվել է MİT-ին: Ինչպես Թուրքիայի բանակում առկա «Heron», այնպես էլ մյուս ԱԹՍ-ների հետախուզական պատկերներն ու տեսաձայնագրություններն այսուհետ հավաքվում են նաև MİT-ի ներսում:

Ավելի ուշ արդեն MİT-ը պայմանագիր է ստորագրել թուրքական TÜBİTAK գիտահետազոտական կազմակերպության հետ սեփական կարիքների համար ԱԹՍ-ների արտադրության վերաբերյալ, որոնք կկիրառվեն հետախուզական ոլորտում: Բացի դրանից՝ MİT-ի և TÜBİTAK-ի միջև ստորագրվել է մեկ այլ պայմանագիր այդ ընկերության կազմում հետախուզական լաբորատորիայի ստեղծման վերաբերյալ, որտեղ կիրականացվի հետախուզական կառույցների համար անհրաժեշտ հատուկ սարքավորումների արտադրությունը: Շուրջ 220 մլն դոլար արժողության այդ արտադրական փաթեթի ֆինանսավորումն իր վրա է վերցրել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը:

Մեկ այլ հրապարակման համաձայն՝ MİT-ի տրամադրության տակ է դրվելու ռազմածովային ուժերին պատկանող նավ՝ ծովում և ցամաքում հետախուզություն իրականացնելու նպատակով:

MİT-ի ընդհանուր անձնակազմի թիվը հասնում է մոտ 8 հազարի, այդ թվում՝ արտերկրում գտնվող գործակալներն ու ներկայացուցիչները: Անձնակազմի մոտ 80%-ն ունի բարձրագույն կրթություն: Աշխատակիցների մեջ գերակշռում է 26-45 տարիքային խումբը՝ ավելի քան 70%: Կանանց թիվը MİT-ի աշխատակիցների շարքում մոտ 18-20% է: MİT-ի աշխատակիցներն ու գործակալները հավաքագրվում են Թուրքիայի քաղաքացի հանդիսացող, մինչև 35 տարեկան, օտար լեզուների իմացությամբ, միջնակարգ և բարձրագույն կրթությամբ, մտավոր ու ֆիզիկական բարձր տվյալներ ունեցող քաղաքացիներից։

MİT-ի հատուկ նշանակության ուժերը հավաքագրում են ԳՇ-ի հատուկ նշանակության ուժերի հրամանատարության անձնակազմից, որոնք հայտնի են «Բոսորագույն սաղավարտներ» (Bordo bereliler) անվանումով: Հավաքագրումից հետո հատուկ նշանակության զինծառայողներն անցնում են վերապատրաստում արդեն MİT-ի ներսում:

MİT-ն ակտիվորեն համագործակցում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կառույցների, հաստատությունների ու անձանց հետ: Բավական մեծ ուշադրություն է դարձվում ԶԼՄ-ների ու հետազոտական տարբեր կառույցների հետ աշխատանքներին:

Добавить комментарий

From the author