
Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ փորձարկումների ևս մեկ տասնամյակ․ Սամվել Կարապետյան
Հայ ձեռներեցների ասոցիացիայի (ՀՁԱ) բիզնես ֆորումի ժամանակ, որին մասնակցում էին ավելի քան 200 մասնակիցներ Հայաստանից և Ռուսաստանից՝ բիզնեսի, փորձագիտական համայնքի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քննարկվել են հայկական բիզնեսի մարտահրավերներն ու հեռանկարներն՝ աշխարհաքաղաքական և տնտեսական պայմանների փոփոխության համատեքստում։
«Այս բուռն ժամանակներում մենք տեսնում ենք, թե ինչպես են Ռուսաստանում հայ ձեռներեցները ոչ միայն ամրապնդում իրենց դիրքերը բիզնեսում, այլև՝ ակտիվորեն աջակցում իրենց պատմական հայրենիքին՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, ներդրումներ կատարելով հիմնական ոլորտներում և նպաստելով Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը», – հայտարարել է ՀՁԱ նախագահ և «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը։
Օրակարգի առանցքային հարցը Հայաստանի արտաքին տնտեսական կողմնորոշումն էր։ Սամվել Կարապետյանը հիշեցրել է, որ 2024 թվականին ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է և հասել 12,7 մլրդ ԱՄՆ դոլարի, իսկ Եվրամիության հետ առևտուրը նվազել է 14%-ով և կազմել 2 մլրդ դոլար։ Այս տվյալները, ըստ նրա, հստակ ցույց են տալիս, որ հենց ԵԱՏՄ-ն է ապահովում արտաքին առևտրաշրջանառության հիմնական մասը և աջակցում է երկրի տնտեսական կայունությանը։
Իր ելույթում նա շեշտել է, որ վերջին ամիսներին Հայաստանի կառավարությունը «ցուցաբերում է շրջադարձ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից՝ հօգուտ Արևմուտքի հետ փոխգործակցության առաջնային զարգացման»։ Կարապետյանը մտահոգություն է հայտնել, որ եվրաինտեգրման ուղղությամբ կառավարության քայլերը կարող են հանգեցնել ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալուն, ինչի հետևանքները «կլինեն կործանարար»։
Կարապետյանի խոսքով՝ եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, կդադարեն գործել գների և մատակարարումների կարգավորման միասնական մեխանիզմները, ինչը նշանակում է, որ գազի, նավթամթերքի և էլեկտրաէներգիայի ինքնարժեքը կավելանա։ Այսինքն՝ Հայաստանի ողջ տնտեսությունը կարող է լուրջ հարվածի ենթարկվել, որը կարող է հանգեցնել առանձին հատվածների կաթվածահարման և երկրի տնտեսական համակարգի կայունության խաթարմանը։
Եվրամիության հետ համագործակցությունը հնարավոր է և անհրաժեշտ, բայց ոչ ԵԱՏՄ-ի կորստի գնով։ Կարապետյանի խոսքով՝ անհրաժեծտ է հենվել ոչ թե հույզերի և գեղեցիկ խոստումների, այլ՝ թվերի և փաստերի վրա։ Նա ընդգծել է, որ Հայաստանը «չի կարող իրեն թույլ տալ փորձարկումների ևս մեկ տասնամյակ»։
Добавить комментарий