Իսրայելի վարչապետը և ԱՄՆ պաշտպանության նախարարը համաձայնվել են շարունակել պայքարը Իրանից բխող սպառնալիքների դեմ
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Թել Ավիվում հանդիպում է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»՝ հղում անելով Պենտագոնի մամուլի ծառայությանը։
Հաղորդվում է, որ կողմերն անդրադարձել են «տարածաշրջանում Իրանից բխող սպառնալիքներին»: Կողմերը պարտավորվել են շարունակել պայքարը՝ իրանական սպառնալիքներին դիմագրավելու համար։
Բացի դրանից՝ Օսթինը և Նեթանյահուն քննարկել են Իսրայելի տարածաշրջանային գործընկերության ընդլայնման հնարավորությունները։
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ հանդիպման ժամանակ Օսթինը հաստատել է Իսրայելի անվտանգության ապահովման հարցում ԱՄՆ-ի հանձնառությունը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն հանձնառու է ապահովել, որ Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չբերի:
Добавить комментарий