
Ադրբեջանական դպրոցը խաչքարերով է կառուցվել, բնակելի թաղամասեր կառուցելու պատրվակով ոչնչացվել են մշակութային արժեքներ. Հովիկ Ավանեսով
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի նախաձեռնությամբ ապրիլի 22-23-ը Երեւանում անցկացվում է միջազգային գիտաժողով՝ «Հայ ժողովրդի ազգային զարթոնքը եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը» խորագրով։
Գիտաժողովի նպատակն է համակողմանիորեն ուսումնասիրել եւ հանրահռչակել 1965 թվականին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 50-րդ տարելիցի կապակցությամբ Խորհրդային Հայաստանում եւ Սփյուռքում սկիզբ առած ազգային զարթոնքը, ինչպես նաեւ դրա ազդեցությունը հայ ժողովրդի դեմ իրագործված հանցագործության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի վրա։
Aravot.am-ը զրուցել է գիտաժողովի մասնակիցներից ԳԱԱ Պատմության ինստիտուտի աշխատակից Հովիկ Ավանեսովի հետ, որի զեկուցման թեման է «Մշակութային ժառանգության ոչնչացման դեմ պայքարն Արցախում 1960-80-ական թվականներին»:
«Թեման երկու բլոկից է բաղկացած, առաջին մասում անդրադարձ ենք կատարել 1960-80-ական թվականների մշակութային ցեղասպանությանը, ինչն արձանագրվել է տվյալ ժամանակահատվածում: Հստակ փաստերով ներկայացնում ենք բոլոր այն կառույցները, որոնք այդ ժամանակահատվածում ոչնչացվել են, ձեւախեղվել են: Իհարկե, տալիս ենք նաեւ նախապատմություն, որ այդ քաղաքականության ակունքները գալիս են 1918թ-ից, երբ ստեղծվեց Ադրբեջան հորջորջմամբ արհեստածին կազմավորումը, որը շարունակել է մշակութային ցեղասպանության քաղաքականությունը, ինչն իրականացվում էր Օսմանյան, այնուհետեւ հանրապետական Թուրքիայում՝ Արևմտյան Հայաստանի տարածքում հատկապես ոչնչացնելով, յուրացնելով հայկական պատմաճարտարապետական հուշարձանները»,-ասաց Հովիկ Ավանեսովը:
Добавить комментарий