
ՌԴ-ն և Ուկրաինան նոր հարվածներ են հասցրել միմյանց
Ռուսաստանը և Ուկրաինան շարունակել են հարվածներ հասցնել մեկը մյուսի տարածքին, մինչ ապրիլի լույս 24-ի գիշերը Կիևի վրա ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 12-ի, վիրավորների թիվը՝ 90-ի։
ՌԴ պաշտպանության նախարարությունն ապրիլի 25-ի առավոտյան հայտնել է ուկրաինական 79 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ ԱԹՍ-ների ճնշող մեծամասնությունը՝ 70-ը, խոցվել է Ղրիմի մերձակայքում, մնացածը՝ Իվանովոյի, Բելգորոդի, Կուրսկի և Նիժեգորոդի մարզերում։
Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ Իվանովոյի մարզում ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Շույա քաղաքում գտնվող թիրախները։ Նիժնի Նովգորոդում ժամանակավորապես փակվել է օդանավակայանը, ինչպես նախորդ գիշեր։
Ուկրաինական կողմն էլ հաղորդել է, որ ռուսական ուժերը հարվածել են Խարկովին, քաղաքում հրդեհներ են բռնկվել, վնասվել է մի քանի մասնավոր տուն։
Ուկրաինական մոնիթորինգային ալիքները հայտնել են շուրջ երեք տասնյակ ԱԹՍ-ների գրոհների մասին Չերկասիի, Չեռնիգովի, Սումիի, Կիևի, Ժիտոմիրի մարզերում, ինչպես նաև պայթյունների մասին Ղրիմում։ Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ըստ նախնական տվյալների՝ ռուսական ուժերը Կիևին հարվածելիս օգտագործել են «Հյուսիսային Կորեայի արտադրության բալիստիկ հրթիռ», և այժմ հատուկ ծառայությունները «ստուգում են բոլոր մանրամասները»։
Добавить комментарий