Ռուբիո

Ռուս-ուկրաինական հակամարտության հարցում առաջընթացի չհասնելու դեպքում ԱՄՆ-ն կդադարեցնի ջանքերը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ հիմա ժամանակն է Մոսկվայից և Կիևից կոնկրետ առաջարկներ ստանալու հակամարտության կարգավորման վերաբերյալ։ ԱՄՆ-ն նախազգուշացրել է, որ առաջընթաց չլինելու դեպքում Վաշինգտոնը կդադարեցնի իր միջնորդական ջանքերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսի խոսքով՝ Մարկո Ռուբիոն ասել է, որ եկել է ժամանակը, երբ «երկու կողմերը պետք է կոնկրետ առաջարկներ ներկայացնեն հակամարտությունն ավարտելու վերաբերյալ»։

«Իսկ թե ինչպես մենք կշարունակենք այստեղից, այդ որոշումն այժմ նախագահին է պատկանում: Եթե առաջընթաց չլինի, մենք հետ կկանգնենք որպես այս գործընթացում միջնորդներ»,- ասել է Բրյուսը լրագրողների հերթական ճեպազրույցում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-10-ը եռօրյա հրադադար է հայտարարել՝ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։

Պետքարտուղարության խոսնակն ասել է, որ ԱՄՆ-ն ձգտում է «լիակատար, տևական զինադադարի և հակամարտության ավարտի» և ոչ թե «եռօրյա պահի, որպեսզի հնարավոր լինի ինչ-որ բան տոնել»։

Ավելի ուշ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում ԱՄՆ դիվանագետ Ջոն Քելին Ռուսաստանին մեղադրել է արյունահեղությունը շարունակելու մեջ՝ ասելով, որ Մոսկվան, ցավոք, հարվածներ է հասցրել, որի հետևանքով նաև քաղաքացիական անձինք են զոհվել։

«Այս երկու երկրների ղեկավարները պետք է որոշեն՝ արդյոք խաղաղությունը հնարավոր է: Եթե երկու կողմերը պատրաստ լինեն դադարեցնել պատերազմը, ապա Միացյալ Նահանգները լիովին կաջակցի նրանց ուղուն դեպի կայուն խաղաղություն»,- հավելել է Քելին։

ՄԱԿ-ի ԱԽ նիստի ժամանակ Ֆրանսիան և Բրիտանիան բարձր են գնահատել ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը՝ միևնույն ժամանակ քննադատելով Ռուսաստանին։

Իր հերթին ՄԱԿ-ում ՌԴ դեսպան Վասիլի Նեբենզյան հերքել է այն պնդումները, թե ռուսական ուժերը թիրախավորել են քաղաքացիական անձանց, և Ուկրաինային մեղադրել է խաղաղ բնակիչներին որպես վահան օգտագործելու և հակաօդային պաշտպանության համակարգերը խիտ բնակեցված հատվածներում տեղակայելու մեջ։

Добавить комментарий