
Ալիևը շրջել է ճշմարտությունը ոչ միայն Ռուբեն Վարդանյանին բանտարկելու, այլ նաև մի ողջ ժողովրդի էթնիկ զտումը արդարացնելու համար. քննարկում Կոնգրեսում
ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հարցերով Թոմ Լանթոսի հանձնաժողովում ապրիլի 29-ին տեղի են ունեցել լսումներ՝ COP29-ից հետո Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ: Լսումները նախագահել է հանձնաժողովի համանախագահ Քրիս Սմիթը, թեմայի շուրջ վկայություններ են տվել Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան, ամերիկացի հայտնի իրավապաշտպան Ջարեդ Գենսերը, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի՝ Ռուսաստանի և Եվրասիայի հարցերով ավագ տնօրեն Միրիամ Լանսկոյը, Freedom Now-ի գործադիր տնօրեն Անդրեա Պրասոուն:
Բանախոսները մասնավորապես փաստեր են ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացրած էթնիկ զտման, կատարված բռնությունների, Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ կատարվող դաժանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու լրագրողների հետապնդումների, ադրբեջանցի քաղբանտարկյալների ճնշումների ու խոշտանգոմների վերաբերյալ:
Բոլոր մասնակիցները կոչ են արել ԱՄՆ վարչակազմին և Կոնգրեսին՝ թիրախավորված պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ:
«Կոչ եմ անում ԱՄՆ Կոնգրեսին թիրախավորված պատժամիջոցներ կիրառել այդ զանգվածային դաժանությունների համար պատասխանատու բոլոր անհատների և Ադրբեջանի պաշտոնյաների դեմ»,-նշել է Արտակ Բեգլրայանը՝ մասնավորապես առաջարկելով դադարեցնել Ադրբեջանին ցանկացած տեսակի ռազմական օգնության կամ մատակարարման տրամադրումը, Ադրբեջանին հատկացվող ցանկացած տեսակի ԱՄՆ օգնություն պայմանավորել մարդու իրավունքների չափելի բարելավումներով, ներառյալ՝ հայ պատանդների ազատ արձակումով:
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերն էլ նկատել է, որ բեռնապետերը երբեք իրենց հոժար կամքով գերիների ազատ չեն արձակում, ուստի կարևորել է թե՛ ԱՄՆ նոր վարչակազմի, թե՛ Կոնգրեսի, թե՛ ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության հարցերով մտահոգ բոլոր կազմակերպությունների համատեղ ջանքերը՝ Ալիևի ռեժիմին հստակ ցույց տալու համար, որ կլինեն իրական և լուրջ հետևանքներ: «Ալիևը շրջել է ճշմարտությունը ոչ միայն Ռուբեն Վարդանյանին բանտարկելու, այլ նաև մի ողջ ժողովրդի էթնիկ զտումը արդարացնելու համար: Մեր բոլորի պարտքն է կանգնել անարդար կերպով կալանվորվածների կողքին և պատասխանատվության ենթարկել Ալիևին՝ թե՛ ուղղակիորեն, թե՛ ժողովրդավարական հասարակությունում առկա բոլոր այլ միջոցներով»,-ասել է Գենսերը:
Freedom Now-ի գործադիր տնօրեն Անդրեա Պրասոուն ընդգծել է, որ եթե ԱՄՆ-ն և մյուս երկրներն ավելի կոշտ դիրքորոշում չորդեգրեն՝ Ադրբեջանն անպատիժ կշարունակի խախտումները և հարձակումները քաղաքացիական հասարակության նկատմամբ: Նա ևս կարևորել է նպատակային պատժամիջոցների կիրառումը՝ ներառյալ ճամփորդական և ֆինանսական սահմանափակումները:
Հանձնաժողովի համանախագահ Քրիս Սմիթը արժեքավոր է համարել լսումները՝ նշելով, որ մասնակիցների կողմից ներկայացված վկայությունները կներկայցվեն Կոնգերսի ղեկավարությանն ու բոլոր անդամներին: Նա հույս է հայտնել, որ համապատասխան եզրակցություններ կարվեն, որն էլ հիմք կհանդիսանա Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար. «Մենք ունենք պատժամիջոցներ, օրինակ, «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցները»: Պետք է վերլուծություն արվի, և այդ պատժամիջոցները պետք է տարածվեն բոլոր իրավախախտների վրա՝ ներառյալ Ադրբեջանում: Հուսով եմ, որ նոր վարչակազմը կվերցնի այս գնդակը, որն իր դաշտում է»։
Добавить комментарий