Թրամփ

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը կախված է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու որոշում կընդունի՝ կախված այն բանից, թե ինչպես կգործի Մոսկվան ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է NBC News-ին տված հարցազրուցում։

«Դա կախված է այն բանից, թե արդյոք Ռուսաստանը կշարժվի դեպի խաղաղություն, թե ոչ։ Մենք ցանկանում ենք հաշտության համաձայնագրի կնքում։ Մենք ցանկանում ենք, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության գան։ Կարծում ենք, որ բավական մոտ ենք»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք կաջակցի ԱՄՆ Սենատում ներկայացված պատժամիջոցների օրինագծին։

ԱՄՆ նախագահը նշել է, որ ձգտում է այդ համաձայնագիրը կնքել ինչպես մարդկային կորուստներին վերջ դնելու նպատակով, այնպես էլ հսկայական ծախսերի պատճառով։

«Եվրոպան Ուկրաինայի վրա ծախսում է մեր ծախսած գումարի միայն մեկ երրորդը»,- նշել է նա։

Թրամփը հավելել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցն ավելի կարևոր է Եվրոպայի, քան Միացյալ Նահանգների համար։ Նա նշել է նաև, որ Եվրոպայի առաջնորդներն իրեն բազմիցս խնդրել են զանգահարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, քանի որ նա «չի պատասխանել իրենց զանգերին»։

Добавить комментарий