
Հարություն լինելու է` և’ Պոնտոսի, և’ Արցախի. Էդուարդ Շարմազանով
Այսօր Պոնտոսի հույների Ցեղասպանության զոհերի հիշատակի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ սկզբում սուլթանական, այնուհետև՝ երիտթուրքերը, իսկ 19թ.-ից հետո՝ քեմալականները, ծրագրել էին և իրականացնում էին Օսմանյան Թուրքիայում բնիկ քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի, հույների և ասորիների ցեղասպանություն:
«Այն, որ Պոնտոսի և էգեյան հույների, փոքրասիական հույների ցեղասպանությունը Հայոց ցեղասպանության տրամաբանական շարունակությունն էր, ասում էր հենց ոճրագործը՝ Էնվեր Փաշան, որը 15թ. նշեց, որ ինքը հույների խնդիրը կլուծի նույն ձևով, ինչպես լուծեց հայերի խնդիրը՝ բռնի տեղահանելով և ցեղասպանելով:
Դժբախտաբար, 21-րդ դարում մենք ականատես ենք լինում Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության, դրա վառ ապացույցն է Արցախում հայ բնիկ ժողովրդի էթնիկ զտումը, բռնի տեղահանումը: Սա ոչ այլ ինչ է, քան օսմանաթուրքական, պանթուրքիստական, քեմալիստական, հակաքրիստոնեական քաղաքականության, ցեղասպան քաղաքականության տրամաբանական շարունակություն:
Ես՝ որպես հույն և հայ ժողովուրդների զավակ, ինչպես Ապրիլի 24-ին, այնպես էլ Մայիսի 19-ին ոգեկոչում եմ ոչ միայն մեր նահատակների հիշատակը, այլ գալիս եմ այստեղ արձանագրելու, որ ցեղասպանությունից հետո, խաչելությունից հետո վերածնունդ է լինում, հարություն է լինում, և հարություն լինելու է՝ և՛ Պոնտոսի, և՛ Արցախի հարություն»,-հուշահամալիրում ասաց նա:
Добавить комментарий