Ռուբեն

Բաքվի «մեղադրական եզրակացությունը» ընդդեմ Ռուբեն Վարդանյանի իրավական ֆարս է․ հայտարարություն

Ադրբեջանի դատախազության՝ Ռուբեն Վարդանյանի դեմ հրապարակած ավելի քան 200 էջանոց մեղադրական եզրակացությունը ոչ միայն ուղղված է նրա դեմ, այլ իր իրավական ու փաստական աղճատումներով ընդլայնում է տարածաշրջանում արդեն օգտագործվող քաղաքական հետապնդումների գործիքակազմը և լեգիտիմացնում «պատանդների արդարադատությունը» որպես պետական քաղաքականություն։

Նախորդ երեք տարիներին հայկական ինքնության դեմ իրականացված քաղաքական բռնությունները, Լաչինի միջանցքի արգելափակումը, հումանիտար ճգնաժամի ծրագրված սանձազերծումը և միջազգային դատարանների վճիռների բացահայտ արհամարհումը ցույց տվեցին, որ պաշտոնական Բաքուն պատրաստ է ոտնահարել անգամ ամենաբարձր մակարդակի միջազգային պարտավորությունները՝ ապահովելու իր ցանկալի ներհասարակական դասակարգավորումները։ Ռուբեն Վարդանյանի փաստաթղթերով հաստատված բարձր հեղինակությունն ու մարդասիրական գործունեությունը դատախազությունը վերածել է իբր «ահաբեկչության ֆինանսավորման», իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության փաստը` «հանցավոր կառույցի»։ Եթե այս կեղծ «իրավական» շղթան չկոտրվի, վաղը նույն մեթոդաբանությունը կարող է կիրառվել ցանկացած ժողովրդի, լրագրողի, բժշկի կամ ուսուցչի նկատմամբ, որի գործունեությունը հակասում է ներկա իշխանությունների քաղաքական օրակարգին։

Արցախի Պահպանության կոմիտեն հայտարարում է․

ԼՂՀ-ն «հանցավոր կազմակերպություն» անվանելը միջազգային իրավունքի՝ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի և ՄԱԿ-ի հիմնարար դրույթների բացահայտ խախտում է։

Վարդանյանին հետադարձ պատասխանատվության ենթարկելն կոպտորեն տապալում է nullum crimen sine lege և արդար դատավարության սկզբունքները։

«Սահմանն ապօրինի հատելու» մեղադրանքը անտեսում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի և ՄԻԵԴ-ի՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի երաշխիքները՝ հաստատելով, որ ձերբակալությունը համարժեք է պատանդառության։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը «ահաբեկչության» հետ կապելու պնդումը ռևիզիա է միջազգային բարեգործական համակարգի նկատմամբ և վտանգում է համաշխարհային մարդասիրական նախաձեռնությունների անվտանգությունը։

Մենք կոչ ենք անում․

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ԵՄ, ԵԱՀԿ, ԱՄՆ, ՌԴ - հրապարակային և մեկ միասնական պահանջ ներկայացնել Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ պատանդների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ։

Սահմանել թիրախային տնտեսական և վիզային պատժամիջոցներ Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են այս իրավական ֆարսի կազմակերպման համար։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար, ԵԽԽՎ- անհապաղ մուտք գործել Բաքու, փաստագրել մարդու իրավունքների շարունակական խախտումները և զեկույց ներկայացնել Անվտանգության խորհրդին։

Եթե միջազգային հանրությունը հիմա չկանգնեցնի այս վտանգավոր նախադեպը, վաղը նույն մեխանիզմը կուրորեն կուլ կտա աշխարհի ցանկացած անկյունի անզեն բնակչությանը՝ առանց աչք թարթելու։

Добавить комментарий