
Ադրբեջանական ՀԿ-ների կոալիցիան հանդես է եկել Մեծամորի ատոմակայանի շարունակական շահագործման դեմ
Ադրբեջանական «Enviromental Protection First» հասարակական կազմակերպությունների կոալցիան հանդես է եկել Մեծամորի ատոմակայանի շարունակական շահագործման դեմ:
Մասնավորապես՝ այսօր ճեպազրույցի ժամանակ կոալցիայի անդամ Ամին Մամեդովն անդրադարձել է Թուրքիայում գործող ավելի քան 30 ՀԿ-ների կողմից Մեծամորի ԱԷԿ-ի գործունեությունը կասեցնելուն ուղղված կոչին՝ նշելով, որ իրենց կազմակերպությունը նույնպես պահանջում է Մեծամորի ԱԷԿ-ի անհապաղ փակումը:
«Այս նախաձեռնության հիմնական հեղինակը Թուրքիայում գործող «Doğa ve Çevre» հասարակական միավորումն է: Իգդիրում վերջերս կայացած Մեծամորի ԱԷԿ-ի վնասակար գործունեությանը նվիրված միջոցառման ժամանակ թուրք բնապահպանները հատուկ հայտարարություն ընդունեցին: Հայաստանը նաև որևէ զեկույց չի հրապարակում Ադրբեջանին սահմանակից տարածքներում իրականացվող հանքարդյունաբերական գործունեության վերաբերյալ: Ես կարծում եմ, որ պետք է գործնական քայլեր ձեռնարկվեն այս կայանի գործունեությունը դադարեցնելու համար»,- ասել է նա։
«Ռուզգար» էկոլոգիական հասարակական միության նախագահ Իսլամ Մուստաֆաևը, իր հերթին, նշել է, որ Թուրքիայում ՀԿ-ների ներկայացուցիչների նման նախաձեռնությունը պատահական չէ։ «Ամեն տարի այս հարցը բարձրացվում է Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության համաժողովներում, սակայն անհրաժեշտ քայլերը չեն ձեռնարկվում: Մենք պահանջում ենք դադարեցնել ատոմակայանի գործունեությունը, որը ռիսկեր է ստեղծում և ծայրահեղ վտանգի աղբյուր է դառնում հարևան երկրների համար: Եթե այնտեղ որևէ միջադեպ տեղի ունենա, դա հսկայական ողբերգություն կառաջացնի շրջակա չորս երկրների համար»,- ասել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի 33 բնապահպանական և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ Իգդիրում ակցիա էին անցկացրել Հայաստանի Մեծամորի ատոմակայանի շահագործման դեմ։
Добавить комментарий