Սպիտակ տունը շարունակում է Իրանի հետ շփումներն ամերիկացի բանտարկյալների ազատ արձակման համար
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Սպիտակ տունը շարունակում է Իրանի հետ բանակցություններն ամերիկացի բանտարկյալներին ազատ արձակելու հարցով։ Այս մասին տեղեկացնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։
Սալիվանն ընդգծել է, որ դեռևս Իրանի և ԱՄՆ-ի միջև այս հարցով համաձայնություն չկա։ «Եվ վերջին բանը, որ մենք ուզում ենք անել, կեղծ հույս տալն է այն ընտանիքներին, որոնք երկար ժամանակ սպասում էին իրենց սիրելիների տուն վերադարձին»,- ասել է ամերիկացի դիվանագետը:
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ասել էր, որ Թեհրանն ու Վաշինգտոնը նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերել գերիների փոխանակման վերաբերյալ։ Նա հայտնել էր, որ պատժամիջոցները չեղարկելու շուրջ բանակցությունների շրջանակում ուղերձների փոխանակումը դեռևս շարունակվում է։
«Եթե Վաշինգտոնից խոչընդոտներ չլինեն, փոխանակումը տեղի կունենա մոտ օրերս»,- նշել էր Իրանի արտգործնախարարը։
Добавить комментарий