Իրանը սպառնում է փակել Հորմուզի նեղուցը` ԱՄՆ-ի հարվածներից հետո
Իրանի իշխանությունները կրկին սպառնացել են փակել Հորմուզի նեղուցը, որի միջոցով իրականացվում է նավթի համաշխարհային առևտրի հինգերորդ մասը։
Այդ մասին հայտարարել են Իրանի զինվորականները կիրակի օրը՝ հունիսի 22-ին, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել երկրի միջուկային օբյեկտներին։ Իրանական Press TV հեռուստաալիքը մեջբերել է պատգամավոր և գեներալ Իսմայիլ Քոսարիի խոսքերը, որը նշել է, որ Իրանի խորհրդարանը որոշում է ընդունել փակել նեղուցը։
Վերջնական որոշումը, նրա խոսքով, պետք է կայացնի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը։ Թեև պաշտոնապես այն գլխավորում է Իրանի նախագահը, փաստացի այն ղեկավարում է գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
Հիշեցնենք՝ հունիսի 22-ին Հորմուզի նեղուցը փակելու սպառնալիքով հանդես է եկել նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմի հրամանատար գեներալ Ալիրեզա Թանգսիրին։ «Եթե ագրեսիան մեր ինքնիշխանության դեմ շարունակվի, Հորմուզի նեղուցը լիովին կփակվի»,- նրան է մեջբերում Samaa հեռուստաալիքը։
Զինվորականը խոստացել է, որ այդ ուղին կարող է «փակվել մի քանի ժամում»։
Հորմուզի նեղուցով է անցնում համաշխարհային հեղուկացված բնական գազի 30%-ը և նավթի մինչև 20%-ը։ Նեղուցի ամենանեղ հատվածում լայնությունը ընդամենը 33 կմ է, իսկ նավարկելի ուղին՝ 3.7 կմ։
Добавить комментарий