Իրանը և ԱՄԷ-ն երկկողմ բանակցություններ կվարեն
Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին մարտի 16-ին կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Շամխանին հանդիպում կունենա ԱՄԷ-ում իր պաշտոնակից Թահնուն բին Զայեդ ալ Նահյանի հետ, որի հրավերով էլ մեկնում է այդ երկիր։ Բացի Ալ Նահյանի հետ բանակցություններից՝ նա հանդիպումներ կունենա ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց հետ կքննարկի երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր։
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարին ուղեկցում են տնտեսական, բանկային և անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաներ։
Ավելի վաղ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին մոտ կանգնած «Nour News» լրատվականը հայտնել էր, որ Շամխանին առաջիկայում կմեկնի տարածաշրջանի արաբական երկրներից մեկը։ Նրա այցի նպատակն է հանդիպել այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և լուծել անվտանգության ու տնտեսական որոշ կարևոր հարցեր։
Добавить комментарий