Опубликовано detq-editor -
Ալիևը հերթական անգամ տարածքային հավակնություններ է ցուցաբերել Հայաստանի նկատմամբ

Ալիևը հերթական անգամ տարածքային հավակնություններ է ցուցաբերել Հայաստանի նկատմամբ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին Անկարայում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության ղեկավարների արտահերթ գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի հանդեպ հերթական անգամ տարածքային հավակնություններ է ցուցաբերել։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Ալիևը հորջորջացել է, թե իբր 1920 թվականի նոյեմբերին «խորհրդային կառավարությունն Ադրբեջանի պատմական տարածք հանդիսացող Արևմտյան Զանգեզուրն անջատեց Ադրբեջանից և կցեց Հայաստանին»։ Նա պնդել է, որ «դա հանգեցրել է թյուրքական աշխարհի աշխարհագրական անջատմանը»։

Վերջինս նաև հերթական անհիմն մեղադրանքն է հնչեցրել, որ «մինչև 1991 թվականը Հայաստանի տարածքից բոլոր ադրբեջանցիները բռնի կերպով վտարվել են»։ Ալիևը հերթական անգամ Հայաստանի Հանրապետության տարածքն անվանել է «Արևմտյան Ադրբեջան» և մեղադրել Հայաստանին «ադրբեջանական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու մեջ»։

«Ինչպես Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում, այնպես էլ ներկայիս Հայաստանի տարածքում, այսինքն՝ Արևմտյան Ադրբեջանում, Հայաստանը ոչնչացրել է մեր մշակութային ժառանգությունը, մզկիթները, պատմական հուշարձանները։ Ադրբեջանական համայնքը բազմիցս դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ ներկայիս Հայաստանում ադրբեջանական ժողովրդի մշակութային ժառանգության մոնիտորինգի նպատակով առաքելություն ուղարկելու և ակնկալում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրական արձագանքը»,- ասել է նա։

Ալիևը հավելել է, որ «Հայաստանում էթնիկ զտումների ենթարկված ադրբեջանցիները միավորվել են Արևմտյան Ադրբեջան համայնքում և նրանք նպատակ ունեն խաղաղ ճանապարհով վերադառնալու իրենց պատմական տարածքներ»։ Նա նաև նշել է, որ «տեղահանված ադրբեջանցիների վերադարձի համար պետք է ձեռք բերվի միջազգային համաձայնագիր՝ համապատասխան ստուգման և երաշխիքային մեխանիզմով, և այն ունենա պարտադիր կատարման պայման»։

Ադրբեջանի նախագահի կողմից արդեն պարբերական բնույթ ստացած նման հայտարարությունները փաստում են, որ Բաքուն ոչ միայն չի բավարարվել Արցախի նկատմամբ իրականացրած ագրեսիայի արդյունքում արձանագրած հաջողություններով և ողջ Արցախն իր վերահսկողության տակ վերցնելու հեռանկարով, այլև տարածքային լուրջ հավակնություններ ունի նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նման հայտարարություններով փորձում է օրինականացնել Հայաստանի և Արցախի նկատմամբ իր կողմից ծրագրվող նոր ռազմական ագրեսիան, որը կարող է սկսվել ցանկացած պահի։

Добавить комментарий