Ադրբեջանցի պատգամավորը վերջնագիր է ներկայացրել Արցախի բնակչությանը
Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Գազանֆարօղլուն անդրադարձել է Արցախի իշխանությունների կողմից Բաքվին վերաինտեգրվելու հարցով բանակցությունների առաջարկի մերժմանը և սպառնալիքներ հնչեցրել Արցախի բնակչության հասցեին։ Այս մասին պատգամավորը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։
Վերջինս պնդել է ադրբեջանական քարոզչության այն դրույթը, թե, իբր, Ադրբեջանը հերթական կառուցողական քայլն է կատարել՝ մեղադրելով հայկական կողմին Բաքվի ընձեռած հնարավորությունը սխալ գնահատելու և տարածաշրջանում իրավիճակի սրման ուղին բռնելու համար։
Գազանֆարօղլուն սպառնացել է, որ Արցախի բնակչությունն այլ ելք չունի, քան Ադրբեջանին վերաինտեգրվելն է, ինչը կերաշխավորի նրանց խաղաղությունն ու անվտանգությունը։
«Ինչպես իր ելույթներում հայտարարեց նախագահ Իլհամ Ալիևը, այս հայերն այլ ելք չունեն։ Կա՛մ նրանք կշարունակեն շփումները Բաքվի հետ, կառուցողական մոտեցում կցուցաբերեն և կներգրավվեն վերաինտեգրման գործընթացին, կա՛մ ստիպված կլինեն լքել օկուպացված տարածքը։ Երրորդ ճանապարհ չկա, և եթե որևէ մեկը նրանց նման ճանապարհ է խոստանում, պետք է ի սկզբանե իմանան՝ նման խոստումները տանում են դեպի անդունդ»,- հոխորտացել է ադրբեջանցի պատգամավորը։
Ադրբեջանցի ամենատարբեր պաշտոնյաների կողմից նման հայտարարությունները փաստում են, որ Բաքուն որևէ կերպ պատրաստ չէ խաղաղության, իսկ Արցախի բնակչությունն անգամ տեսական հնարավորություն չունի Ադրբեջանի կազմում ապրելու համար։ Սա Հայաստանի համար պետք է լրջագույն կռվան հանդիսանա՝ միջազգային դերակատարների հետ բանակցություններում փաստելու, որ Արցախի անցումը Ադրբեջանի վերահսկողության տակ հանգեցնելու է միայն տեղի բնակչության ֆիզիկական բնաջնջմանը կամ վտարմանը։
Добавить комментарий