Թուրքիան և Եգիպտոսը մտադիր են 11 տարվա դադարից հետո երկկողմ հարաբերությունները բարձրացնել ամենաբարձր մակարդակի
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ու Եգիպտոսը մտադիր են լիովին կարգավորել հարաբերությունները։ Ինչպես հաղորդում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, Չավուշօղլուն այս մասին ասել է Կահիրեում Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Չավուշօղլուն հայտնել է, որ Եգիպտոսի արտգործնախարարի հետ անկեղծ բանակցություններ են վարել։ «Շուտով մենք երկու երկրների դիվանագիտական հարաբերությունները կհասցնենք ամենաբարձր մակարդակի»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում պարզ է դարձել, որ Անկարայի և Կահիրեի միջև տարաձայնություններն այնքան էլ շատ չեն։
«Հետագա փուլերում ավելի ակտիվ կհամագործակցենք ու կզարգացնենք երկկողմ կապերը բոլոր ուղղություններով։ Կխրախուսենք մեր ընկերություններին ավելի ակտիվ ներդրումներ կատարել համատեղ նախագծերում։ Թուրքիան այն երկիրն է, որտեղ Եգիպտոսն ամենաշատն է արտահանում իրականացնում»,- հայտարարել է թուրք պաշտոնյան։
Նշենք, որ Չավուշօղլուն առաջին թուրք բարձրաստիճան պաշտոնյան է, որը 11 տարվա դադարից հետո այցելել է Եգիպտոս։ Թուրք-եգիպտական հարաբերությունները լարվել էին 2013 թվականին, երբ Եգիպտոսի բանակը պաշտոնանկ արեց «Մուսուլման եղբայրներ» շարժման նախագահ, իսլամիստ գործիչ և Էրդողանի մտերիմ դաշնակից Մուհամեդ Մուրսիին։
Добавить комментарий