TRIPP. խաղաղությա՞ն, թե՞ հակամարտության նոր հորիզոն -
Ուրբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս երկու երկրները, որոնք 30 տարի կոնֆլիկտի մեջ են եղել, ստորագրեցին համաձայնագիր, որը մեծ քայլ է դեպի երկար ժամանակ վեճի առարկա «Զանգեզուրի միջանցքի» հարցի լուծում: Հայկական կողմում այն հայտնի է որպես Սյունիքի միջանցք։
The Soufan Center վերլուծական և հետազոտական կազմակերպությունը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ստորագրված համաձայնագրին:
«Թրամփի միջնորդությամբ պայմանագիրը ԱՄՆ-ին տրամադրում է բացառիկ հատուկ զարգացման իրավունք՝ կառուցելու «Թրամփի երթուղին՝ միջազգային խաղաղության և բարեկեցության համար» (TRIPP), որի շրջանակում ԱՄՆ-ն կզարգացնի երկաթուղիների, էներգահաղորդման ենթակառուցվածքների և օպտիկա-բանական գծերի իր ծրագրերը։
TRIPP-ը, որը փոխարինում է «Զանգեզուրի միջանցքի» սկզբնական գաղափարին, կապում է Ադրբեջանի հիմնական մասը և Նախիջևանը, որը անցնում է Հայաստանի տարածքով։ Այս կապը կստեղծի շարունակական միջանցք Ադրբեջանից դեպի Թուրքիա՝ անցնելով Հայաստանով, ինչն ուժեղացնում է Հարավային Կովկասի տարածաշրջանային կապակցվածությունը և հեշտացնում մուտքը դեպի Եվրոպա և Արևմուտք։ Այս երթուղին շրջանցելու է և՛ Իրանը, և՛ Ռուսաստանը, ինչը ռազմավարական հաղթանակ է Վաշինգտոնի և նրա դաշնակիցների համար։
TRIPP-ը հսկողության տակ կդնի Իրանի միակ ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Այս ամենը նպաստում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերին՝ սահմանափակելով Թեհրանի միակ բարեկամական մուտքը Հարավային Կովկաս, ինչը Թեհրանը երկար ժամանակ հակառակորդաբար է ընկալել։
Հայաստանը նախկինում մերժել է «Զանգեզուրի միջանցքի» սկզբնական առաջարկը՝ հիմնավորելով, որ ցանկացած համաձայնագիր պետք է պահպանի Հայաստանի ինքնիշխանությունը և ապահովի փոխադարձություն, այսինքն՝ Հայաստանը պետք է ամբողջությամբ վերահսկի միջանցքի իր տարածքի հատվածը և ստանա հավասար իրավունքներ օգտագործելու Նախիջևանի հատվածը՝ իր հյուսիսային շրջաններ մուտք ունենալու համար։
Տարիներ շարունակ այս պայմանները դարձել են բանակցությունների խոչընդոտ՝ քանի որ Ադրբեջանը պահանջել է անխոչընդոտ մուտք դեպի Նախիջևան և մերժել բոլոր խորհրդային շրջանի տրանսպորտային կապերը բացելու ՀՀ առաջարկությունները։ Բաքուն նաև պահանջել է, որ Երևանը փոփոխի իր Սահմանադրության որոշ մասեր՝ հանելով 1990 թվականի անկախության հռչակագրի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ «տարածքային պահանջների մասին» հղումները։ Լարվածության բարձրացման որոշ պահերին Ալիևը նույնիսկ ակնարկել է, որ եթե դիվանագիտությունը ձախողվի, Ադրբեջանը կարող է ուժով գրավել Զանգեզուրո/Սյունիքի տարածքը։
TRIPP-ը, չնայած շատ առումներով նման է Զանգեզուրի միջանցքի սկզբնական առաջարկին, կառավարվելու է ԱՄՆ-ի կողմից, ինչը մեծացնում է Վաշինգտոնի ազդեցությունը աշխարհի մի կարևոր էներգետիկ հանգույցում։
Ըստ ԱՄՆ-ի հայտարարությունների՝ երթուղին կգործի Հայաստանի օրենքներով՝ որպես միջոց հարթելու հայկական և ադրբեջանական պահանջները։ Բայց կարևոր է, որ համաձայնագրում չկա Հայաստանի՝ սահմանադրական փոփոխություններ անելու վերաբերյալ հանձնառություն։
Ավելի ուշ, արդեն ստորագրումից հետո, Ալիևը շեշտեց, որ սա խաղաղության համաձայնագիր չէ և կրկնեց Բաքվի պահանջը՝ Երևանին ստիպելու անհրաժեշտ սահմանադրական փոփոխություններ կատարել մինչև վերջնական խաղաղության համաձայնագրի կնքումը։
Այնուամենայնիվ, TRIPP-ը առավելագույն օգուտ է բերում թուրքական և ադրբեջանական շահերին՝ ավելի շատ, քան հայկականին, և իրականացվոմ է այն ժամանակ, երբ Հայաստանը, Ռուսաստանից բաժանվելով, գտնվում է առանց ուժեղ տարածաշրջանային դաշնակցի։
Ադրբեջանի համար այս նախագիծը իրականացնում է իր վաղեմի ռազմավարական նպատակը՝ ապահովել անմիջական ցամաքային կապ Նախիջևանի և Թուրքիայի միջև։
Թուրքիայի համար այս նախագիծը ստեղծում է ֆիզիկական կապ Կասպիցի ավազանի թուրքական աշխարհի հետ, ամրապնդում իր դիրքը որպես տարածաշրջանային տրանսպորտային հանգույց և խորացնում աշխարհաքաղաքական ազդեցությունը Հարավային Կովկասում։
TRIPP-ը Հայաստանին հնարավորություն է տալիս կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ և, հետևաբար, Թուրքիայի միջոցով ձեռք բերել մուտք դեպի Եվրոպայի և համաշխարհային շուկաներ՝ հնարավորինս նվազեցնելով առևտրային ծախսերը և ամրապնդելով կապերը Արևմուտքի հետ՝ Թուրքիայի ՆԱՏՕ անդամակցության շնորհիվ։
Բայց նրա դերը մեծամասամբ սահմանափակվում է որպես ադրբեջանա-թուրքական առևտրի անցումային միջանցք, այլ ոչ թե սեփական կոմերցիոն հանգույց։
Երթուղու նկատմամբ սահմանափակ վերահսկողությամբ, փոքր արտահանման հարթակով և քիչ հնարավորություններով առևտուրից մեծ եկամուտ ստանալու, Հայաստանը TRIPP-ից ստանում է շատ քիչ օգուտ՝ զիջելով ռազմավարական առավելություն երկու մրցակիցներին, որոնց տարածաշրջանային հավակնությունները հաճախ հակասում են Հայաստանի շահերին։
TRIPP-ը նաև ծանր հարված է Ռուսաստանի մոտ դաշնակից Իրանի համար։ Թեհրանը Հայաստանի հետ իր սահմանը կարևոր առևտրային զարկերակ է համարում դեպի Եվրոպա, և Հայաստանի ինքնիշխանության կրճատումը այդ հատվածում սպառնալիք է համարում սահմանային անվտանգությանը և տարածաշրջանային ազդեցությանը։
Թեհրանը, սահմանափակված պատժամիջոցներով և ներքին ճնշումներով, քիչ հնարավորություն ունի կասեցնելու Հարավային Կովկասում իշխանությունների փոխակերպումը։ Վաշինգտոնի կողմից հնարավոր է նաև, որ Ադրբեջանն ու, առհասարակ, Հայաստանը ներգրավվեն Աբրահամյան համաձայնագրերի գործընթացում, ինչը ուժեղացնում է Իրանի անհանգստությունը։
Թեև TRIPP-ը մեծ ձեռքբերում է ԱՄՆ-ի և Արեւմուտքի համար, որոշ հարցեր դեռ լուծված չեն։ Անորոշ է, թե ինչպես կվերահսկվի համաձայնագիրը Թրամփի պաշտոնավարման ավարտից հետո։
Չկան վերջնական պայմանավորվածություններ հայ ազգաբնակչության իրավունքների և անվտանգությանը Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հարցում։ Ադրբեջանը շարունակում է վերահսկել հայկական որոշ տարածքներ, և մի շարք հայ ռազմագերիներ ու պատանդներ դեռ գտնվում են Ադրբեջանում։ Թրամփն ասել է, որ պատրաստ է այս հարցերի շուրջ խոսել Ալիևի հետ։
Այդուհանդերձ, TRIPP-ը կարևոր քայլ է դեպի այս խնդիրների լուծում և Թրամփի համար համաշխարհային հարթակում առնվազն դիվանագիտական մեծ հաղթանակ»։
Добавить комментарий