rts7

Մենք հույս ունենք, որ խաղաղության օրակարգի առաջմղումը պայմաններ կստեղծի «արևմտյան ադրբեջանցիների՝ հայրենի վայրեր» վերադառնալու համար․ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքի հայտարարություն

Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի ստորագրած համատեղ հայտարարությունը միջպետական հարաբերությունները կարգավորող փաստաթուղթ է:

«Արևմտյան Ադրբեջանի» համայնքի գործունեությունն իրենից ներկայացնում է միջազգային կոնվենցիաներով ամրագրված մարդու իրավունքների և վերադարձի իրավունքի ապահովմանն ուղղված հասարակական ակտիվություն: Այս առումով համայնքի գործունեությունն ուղղակի կապ չունի միջպետական հարաբերությունների և խաղաղության համաձայնագրի հետ։ Այս մասին հայտարարել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքի նախագահ, պատգամավոր Ազիզ Ալեկփերլին:

«Մեր գործունեությունը մեր «պատմական հողեր» (չակերտները՝ detq.info) խաղաղ վերադարձի մեջ է։ Համայնքը երբեք դեմ չի եղել Հայաստանի ինքնիշխանությանը կամ տարածքային ամբողջականությանը։ Ինչպես ընդգծել է պարոն նախագահը, մենք «Արևմտյան Ադրբեջան» (չակերտները՝  detq.info) կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով:

Մենք հույս ունենք, որ խաղաղության օրակարգի առաջմղումը պայմաններ կստեղծի «արևմտյան ադրբեջանցիների՝ հայրենի վայրեր վերադառնալու համար» (չակերտները՝  detq.info)։

«Արևմտյան Ադրբեջանի համայնքը» (չակերտները՝ detq.info) շարունակելու է իր գործունեությունն այդ ոլորտում»։

 

«Դետք» վերլուծական

Վաշինգտոնում ստորագրված հայ-ադրբեջանական համատեղ հայտարարությունը, որը ներկայացվում է որպես միջպետական հարաբերությունները կարգավորող փաստաթուղթ, իրականում շարունակում է մնալ սոսկ ձևական թղթի կտոր։ Ադրբեջանի տարածքային նկրտումները ՀՀ նկատմամբ ոչ միայն չեն նվազում, այլ օրեցօր խորանում են։

Այս համատեքստում հատկանշական է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար Ազիզ Ալեկփերլիի հայտարարությունը։ Թեև վերջինս փորձում է միջազգային իրավունքի հղումներով ձևակերպել իր նախաձեռնությունը, իրականում դա ոչ այլ ինչ է, քան  Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու հերթական փորձ։

Ադրբեջանի պաշտոնական և ոչ պաշտոնական շրջանակների նման հայտարարությունները փաստում են, որ խաղաղության օրակարգի մասին խոսքը շարունակում է լինել միայն արտաքուստ կիրառվող քաղաքական լեզու, մինչդեռ բովանդակության մեջ առկա է պահանջատիրություն ու ճնշում Հայաստանի նկատմամբ։

Հետևաբար, «Դետք»-ի գնահատմամբ, Վաշինգտոնյան փաստաթուղթը չի կարող իրական արժեք ստանալ այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանի քաղաքականությունն ու հանրային հռետորաբանությունը կառուցվում են Հայաստանի տարածքների նկատմամբ նկրտումների վրա։


 

Добавить комментарий