Ջեբրայիլի ռազմագործողությունը. համառոտ պատմական տեղեկանք
Ուղիղ 32 տարի առաջ՝ 1993 թ. օգոստոսի 25-ին, հայկական ստորաբաժանումները վերահսկողության տակ առան Ջեբրայիլ քաղաքը և շուրջ 1050 քառ./կմ տարածք ունեցող համանուն շրջանը:
Ջեբրայիլ (Մեխակավան) բնակավայրը մինչև 1750 թվականը մտնում էր պատմական Դիզակի հայկական մելիքության կազմի մեջ, որտեղ բնակիչները հայեր էին և ունեին պարսկական հպատակությամբ տեղական հայկական ինքնավարություն: Դրանից հետո անցել է Ղարաբաղյան խանությանը, որը 1813 թ.։
Գյուլիստանի պայմանագրով Ղարաբաղյան գավառ անվամբ միացվել է Ռուսական կայսրությանը:
1846 թ. այն վերակազմավորվել է Շուշի վարչաշրջանի, որից, 1868 թ., Ելիզավետապոլի նահանգը ստեղծվելուց հետո, առանձնացվել է Ջեբրայիլի վարչական շրջանը՝ համանուն կենտրոնով: Կայսրության տարիներին եղել է մաքսակետ Պարսկաստանի հետ սահմանին:
1930 թ. Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվել է Ջեբրայիլի շրջանը: Մինչ Արցախի ինքնապաշտպանության ուժերը պաշտպանողական ու հակահարձակողական մարտեր էին վարում մարտագծի հարավարևելյան ուղղությամբ, հակառակորդի ջեբրաիլյան խմբավորումը հուսահատ գրոհներով փորձում էր վերականգնել օրեր առաջ Բանաձորի ենթաշրջանում կորցրած դիրքերը:
Ուղղության գլխավոր հարվածային ուժը՝ Կենտրոնական պաշտպանական շրջանը, համաձայն Ինքնապաշտպանության կոﬕտեի թիվ 011 մարտական հրամանի, խնդիր ունենալով 4 միավոր տանկերի, 3 հետևակի մարտական մեքենայի, հրետանային մարտկոցի և հակատանկային միջոցների օժանդակությամբ, նախ ազատագրել դեռևս հակառակորդի վերահսկողության տակ մնացած հայկական տարածքները, ապա շարունակել առաջխաղացումը դեպի Ջեբրայիլ, իր առաջադրանքը կատարեց փայլուն կերպով:
Շուրջ մեկշաբաթյա ինտենսիվ մարտերից հետո Կենտրոնական պաշտպանականի ստորաբաժանումները հաջող մարտա վարությամբ դուրս եկան Առաքելից Էֆենդիլար ձգվող բնագիծ, ապա հարձակումը շարունակելով Ջեբրայիլ ռազմակայանի ուղղությամբ՝ օգոստոսի 21-ին զբաղեցրին Ալփաղայի բարձունքները:
Մարտական օպերացիայի ընթացքում Ստեփանակերտի զորամասի գործողություններին ձախ թևից աջակցում էր Հադրութի պաշտպանական շրջանի զինուժի մի մասը, խնդիր ունենալով կանխել հակառակորդի օժանդակ ուժերի մուտքը Հորադիզ ռազմակայանից դեպի հարավային մարտական գործողությունների գոտի:
Հայկական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հաջող գրոհների արդյունքում ադրբեջանական բանակի հարավային խմբավորման շարքերում արդեն տիրում էր խուճապային տրամադրություն: Ինքնապաշտպանության ուժերն իրենց վերահսկողության տակ էին առել շրջանում տեղակայված տասնյակ թշնամական կրակակետեր և ընդհուպ հասել Ջեբրայիլի մատույցներին:
Օգոստոսի 22-ին Կենտրոնական պաշտպանական շրջանի հրամանատարությունը խնդիր ստացավ վերցնել Ջեբրայիլին հարող վերջին երկու բարձունքները և սպասել հետագա հրամանին:
Առաջադրանքը կատարվեց ըստ նախանշված պլանի և վերադասի կողմից հաստատված ժամանակացույցի: Հաջորդ օրը՝ օգոստոսի 23-ին, Կենտրոնական պաշտպանական շրջանի ուժերն անցնելով գրոհի, կոտրեցին հակառակորդի դիմադրությունը բարձունքներում և լրիվությամբ վերահսկողության տակ առան Ջեբրայիլ ռազմակայանը: Երկու օր հետո՝ օգոստոսի 25-ին հայկական ստորաբաժանումները լրիվությամբ ազատագրեցին 1050 քառ./կմ տարածք ունեցող համանուն շրջանը:
Աղբյուրը՝ Գոյամարտ
Добавить комментарий