Опубликовано Անի Երյան -
Կատարվեց «խաղաղության գնացող» Ադրբեջանի հերթական նախապայմանը

ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշում կայացրեց փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան կից կառույցները

Մինսկի խումբն այսօրվանից լուծարված է: Ի պատասխան «Ազատության» հարցի ՝ Արտաքին գործերի նախարարությունից տեղեկացրին, որ սեպտեմբերի 1-ին ստացվել է ԵԱՀԿ գործող նախագահող, Ֆինլանդիայի ԱԳ նախարարի նամակը, որով հաստատվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ որոշման համար սահմանված լռելյայն ընթացակարգը ԵԱՀԿ անդամ պետությունների կողմից չի խախտվել, և որոշումը սեպտեմբերի 1-ից համարվում է ընդունված:

ԵԱՀԿ նախարարների խորհրդի որոշման մասին հայտնել է նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը՝ հիշեցնելով, որ կառույցը նման որոշում է կայացրել՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ նամակը։

Պաշտոնական Բաքուն նաև ընդգծում է, որ այդ որոշմամբ անվավեր են ճանաչվում ԵԱՀԿ շրջանակներում հայ-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող նախկինում ընդունված բոլոր փաստաթղթերը։

Արցախյան հակամարտության կարգավորման մանդատ ունեցող Մինսկի խումբը լուծարելու պահանջը Ադրբեջանի իշխանություններն են առաջ քաշել՝ որպես հայ-ադրբեջանական «Խաղաղության պայմանագրի» նախաստորագրման նախապայման։

ԵԱՀԿ Մինսկի խումբը (The OSCE Minsk Group) ԵԱՀԿ երկիր անդամների համանախագահների խումբ էր, որը գլխավորում էր Արցախյան հակամարտության խնդրի խաղաղ լուծման գործընթացը։

Խմբի ձևավորման մասին որոշումը ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարների խորհուրդը 1992 թվականի մարտի 24-ին։ Անվանումը պայմանավորված է ենթադրյալ խաղաղ կոնֆերանսի անցկացման վայրով։ Սկզբնապես խումբը բաղկացած էր 9 երկրներից, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներից։

 

Добавить комментарий