Опубликовано H.Aslanyan -
ՀայաՔվե

Կոչ ենք անում մեր ժողովրդին չհանձնվել. Արցախի հարցը փակված չէ. «ՀայաՔվե»

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդը գրում է․

34 տարի առաջ այս օրը Արցախի ժողովուրդը, գործելով միջազգային իրավունքի և ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան, հիմք դրեց Արցախի Հանրապետությանը։

•Արցախն այսօր, ցավոք, ժամանակավորապես բռնազավթված է, և չնայած Հայաստանի իշխող վարչախմբի հակազգային քաղաքականությանը, մենք պատասխանատու կերպով հայտարարում ենք, որ հայ ժողովուրդը բնավ էլ չի համակերպվել Արցախի կորստի հետ և փակված չի համարում Արցախի հարցը։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման գործունեության կարևորագույն առաջնահերթությունն արցախցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի հարցը միջազգային օրակարգ մտցնելն է, ինչը ոչ միայն մարդու իրավունքների տեսանկյունից արդարացի պահանջ է՝ վերահաստատված Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ․ նոյեմբերի 17-ի վճռով, այլ նաև հասկանալի և ընդունելի օրակարգ է համաշխարհային և տարածաշրջանային տարբեր ուժային կենտրոնների համար։

•Մեր ժողովրդի պատմության մեջ եղել են նման շրջաններ, երբ հայ ժողովուրդը հայրենազրկվել է, սակայն իր մեջ ուժ և կորով է գտել՝ վերատիրելու իր սրբազան հայրենիքին։

Կոչ ենք անում մեր ժողովրդին չհանձնվել, չտրվել կարճաժամկետ  հիասթափություններին, չընկնել իշխող վարչախմբի քարոզչամեքենայի ազդեցության տակ և միասնաբար պայքարել Արցախի Հանրապետության անկախության վերակերտման համար։

Добавить комментарий