Ավստրալիայի կառավարությունը հայտարարել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի մասին
Ավստրալիայի կառավարությունը հայտարարել է Իրանի 27 քաղաքացու և 15 կազմակերպության նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի մասին: Կանբերայում պնդում են, որ պատժամիջոցների ենթարկված ֆիզիկական և իրավաբանական անձինք կապված են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ:
Սև ցուցակում ներառվել են 13 քաղաքացի և մեկ կազմակերպություն, որոնք, ենթադրաբար, «կապված են ռուսական ռազմարդյունաբերական համալիրի հետ»։
«Ավստրալիան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանում Իրանի քաղաքացիների և մեկ կազմակերպության նկատմամբ, որոնք մասնակցում են անօդաչու թռչող սարքերի արտադրությանը և Ռուսաստանին դրանց մատակարարմանը. ԱԹՍ-ներն օգտագործվում են Ուկրաինայի տարածքին հարվածներ հասցնելու համար»,- նշել են ՆԳՆ-ում։
Սև ցուցակում ընդգրկված ֆիզիկական անձանց թվում կան պաշտոնյաներ, ուժային կառույցների, դատական և քրեակատարողական համակարգերի աշխատակիցներ։ Իրավաբանական անձանց ցանկում ներառվել են ոստիկանության և անվտանգության ուժերի ֆինանսավորման հետ կապված կառույցներ։
Պատժամիջոցների ցուցակում ներառված անձանց մուտքը երկիր կարգելվի, իսկ նրանց բանկային հաշիվները հայտնաբերման դեպքում կսառեցվեն։ Իրանում բողոքի ակցիաներից հետո Ավստրալիան պատժամիջոցների ցանկում է ներառել տասնյակ ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողների: Բացի դրանից՝ հակառուսական պատժամիջոցների գործողության ներքո են հայտնվել «Shahed Aviation Industries», «Paravar Pars» և Qods Aviation Industries» ընկերությունները, որոնք արտադրում են անօդաչու թռչող սարքեր և դրանք համալրող մասեր:
Добавить комментарий