Արցախ

Ե՞րբ և ո՞ւմ համաձայնությամբ է Արցախը դուրս մնացել Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման եռակողմ անմիջական բանակցություններից

Հայաստանի հասարակական-քաղաքական խոսույթում ժամանակ առ ժամանակ քննարկվում են Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորմանն առնչվող, մասնավորաբար, հետևյալ հարցերը՝

• ե՞րբ է Արցախը դուրս մնացել Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցած եռակողմ՝ Ադրբեջան, Արցախ, Հայաստան, անմիջական բանակցություններից,

• Հայաստանի Հանրապետության ո՞ր նախագահի պաշտոնավարման օրոք է Արցախը դուրս մնացել նշված բանակցություններից:  

Հիմնվելով հարցին վերաբերելի մամուլում հրապարակված փաստերի ու տեղեկությունների վրա՝ փորձենք պատասխանել հիշյալ հարցերին:

ՓԱՍՏ ԱՌԱՋԻՆ

1. «Լրագիր» օրաթերթի 1997թ. հունվարի 25-ի համարում հրապարակված է մի հոդված «ՀՀ-ն Ադրբեջանի հետ չի բանակցի առանց Ղարաբաղի մասնակցության» վերտառությամբ:

Հիշյալ հոդվածում, մասնավորապես, նշված է. «Հայաստանն այլևս չի բանակցի Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցի շուրջ առանց Ղարաբաղի մասնակցության: Այս մասին հայտարարեց ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը ելույթ ունենալով Լոնդոնում «Անդրկովկասի հեռանկարները» խորհրդաժողովում: …Լիպարիտյանը հայտնեց, որ այդ որոշումը Հայաստանը կայացրել է այն պատճառով, որ, ինչպես ցույց տվեց ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովը, Ադրբեջանը ձգտում է օգտագործել երկկողմանի հանդիպումները ղարաբաղյան կողմին բանակցություններից աստիճանաբար դուրս մղելու նպատակով: Նրա խոսքերով ժամանակին Հայաստանը ընդառաջեց և ընդունեց Ադրբեջանի առաջարկությունը անցկացնել երկկողմ բանակցություններ, որպեսզի փորձի դյուրացնել բանակցությունների ընթացքը: Վերջին մի տարվա ընթացքում նման բանակցությունները տեղի էին ունենում երկու երկրների նախագահների խորհրդականների մակարդակով. մասնակցում էին Լիպարիտյանը և նրա ադրբեջանցի գործընկեր Վաֆա Գուլուզադեն»:

Մեջբերումից պարզվում է, որ՝

• 1997 թվականի հունվարից որոշ ժամանակ առաջ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է անցկացնել երկկողմ, այսինքն՝ առանց Արցախի, Ադրբեջան-Հայաստան ձևաչափով բանակցություններ, ինչին Հայաստանը համաձայնել է:

Այս մասին վկայում են նշված օրաթերթի ներկայացմամբ Ժ. Լիպարիտյանի հետևյալ խոսքերը. «ժամանակին Հայաստանը ընդառաջեց և ընդունեց Ադրբեջանի առաջարկությունը անցկացնել երկկողմ բանակցություններ, որպեսզի փորձի դյուրացնել բանակցությունների ընթացքը»:

• սկսած 1996 թվականի հունվար ամսից բանակցությունները տեղի են ունեցել երկկողմ, այսինքն՝ Ադրբեջան-Հայաստան, ձևաչափով առանց Արցախի անմիջական մասնակցության:

Այս մասին վկայում են նշված օրաթերթի ներկայացմամբ Ժ. Լիպարիտյանի հետևյալ խոսքերը. «Վերջին մի տարվա ընթացքում նման բանակցությունները տեղի էին ունենում երկու երկրների նախագահների խորհրդականների մակարդակով. մասնակցում էին Լիպարիտյանը և նրա ադրբեջանցի գործընկեր Վաֆա Գուլուզադեն»:

ՓԱՍՏ ԵՐԿՐՈՐԴ

2. “The Armenian reporter” անգլալեզու շաբաթաթերթի 1997թ. հունվարի 25-ին Նյու Յորքում լույս տեսած համարում հրապարակված է ՀՀ վարչապետ Արմեն Սարգսյանի 1997թ. հունվարի 10-ին Վաշինգտոնում՝ Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում, ունեցած ելույթը:

Իր խոսքում Ա. Սարգսյանն Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման վերաբերյալ, մասնավորապես, ասել է. «Մենք հուսով ենք, որ Ադրբեջանը բանակցություններ կսկսի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, քանի որ խորապես հավատում ենք, որ հնարավոր չէ հասնել վերջնական լուծման առանց Ղարաբաղի անմիջական մասնակցության սեփական քաղաքական կարգավիճակը քննարկելիս: …Հայաստանը… չի կարող քաղաքականապես խոսել Լեռնային Ղարաբաղի բնակչության անունից»:

Մեջբերումից պարզվում է, որ 1997թ. հունվարի դրությամբ Ադրբեջանը չի բանակցում Արցախի Հանրապետության հետ:

ՓԱՍՏ ԵՐՐՈՐԴ

3. Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանը 1997թ. հունվարի 26-ին ելույթ է ունեցել վեհաժողովում: Ելույթը հրապարակվել է «Հայոց Համազգային Շարժում» (այսուհետև՝ ՀՀՇ) կուսակցության «Հայք» պաշտոնաթերթի 1997թ. հունվարի 28-ի համարում:

Խոսելով Ադրբեջան-Արցախ համակարտության կարգավորման մասին՝ Հ. Իգիթյանը, մասնավորապես, ասել է. «Մենք հույս ունենք, որ Ադրբեջանը բանակցություններ կսկսի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, քանի որ վստահ ենք, որ որևէ այլ վերջնական լուծման չի կարելի հասնել առանց Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցության՝ իր քաղաքական կարգավիճակը քննարկելիս»:

Մեջբերումից կրկին պարզվում է, որ 1997թ. հունվար ամսվա դրությամբ Ադրբեջանը չի բանակցում Արցախի հետ:

ՓԱՍՏ ՉՈՐՐՈՐԴ

4. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 1997թ. փետրվարի 12-ի համարում հրապարակված է մի հոդված հետևյալ վերտառությամբ. «Հասանովը դեմ է ԼՂՀ-ի հետ բանակցություններին»:

Հոդվածում, մասնավորաբար, նշված է. «Ադրբեջանի պետական խորհրդական Վ. Գուլուզադեն, անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցություններին, չի բացառել բանակցությունների հետագա փուլերին որպես անկախ կողմ Ղարաբաղի հայերի մասնակցության հնարավորությունը: Ադրբեջանի արտգործնախարար Հ. Հասանովի դիրքորոշումն այդ հարցում միանգամայն հակադիր է: «Ազադլիգ» («Ազատություն» - Ս. Հ.-Ջ.) ռադիոկայանի կազմակերպած հարցազրույցի ընթացքում Հ. Հասանովը հաղորդել է, որ նպատակահարմար է համարում բանակցությունները շարունակել միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև»:

Մեջբերումից պարզվում է, որ 1997թ. փետրվարի դրությամբ՝

• Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման նպատակով տեղի ունեցող բանակցություններին Արցախը չի մասնակցում:

• Ադրբեջանը, նպատակահարմար համարելով ընթացող բանակցությունները շարունակել երկկողմ, այն է՝ Ադրբեջան-Հայաստան, ձևաչափով, դեմ է բանակցություններին Արցախի մասնակցությանը:

ՓԱՍՏ ՀԻՆԳԵՐՈՐԴ

5. «Հայոց Համազգային Շարժում» (այսուհետև՝ ՀՀՇ) կուսակցության «Հայք» պաշտոնաթերթի 1997թ. փետրվարի 14-ի համարում հրապարակված է մի հոդված իր պաշտոնավարման 100 օրը լրանալու առիթով ՀՀ արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի հրավիրած մամուլի ասուլիսի վերաբերյալ:

Ասուլիսի ժամանակ խոսելով Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման մասին՝ արտգործնախարար Ա. Արզումանյանը, մասնավորապես, հայտարարել է. «…այսուհետ Հայաստանը ղարաբաղյան հարցով չի բանակցի Ադրբեջանի հետ, եթե բանակցություններին չմասնակցի Ստեփանակերտը»:

Մեջբերումն անառարկելիորեն վկայում է այն մասին, որ 1997թ. փետրվարին նախորդող շրջանում Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման նպատակով Հայաստանը բանակցել է Ադրբեջանի հետ, առանց բանակցություններին Արցախի անմիջական մասնակցության, ինչն իր հերթին փաստում է, որ Արցախը դուրս է մնացած եղել եռակողմ անմիջական բանակցություններից:

ՓԱՍՏ ՎԵՑԵՐՈՐԴ

6. 1997թ. հոկտեմբերի 11-ին Ֆրանսիայի Ստրաստբուրգ քաղաքում ավարտվել է Եվրախորհրդի գագաթաժողովը, որին մասնակցել են եվրոպական 40 երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարներ:

Հատուկ հրավիրյալի կարգավիճակով գագաթաժողովին ներկա են գտնվել Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը և Բոսնիա-Հերցեգովինան:

Գագաթաժողովի եզրափակիչ օրը ելույթ է ունեցել Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Իր ելույթի մասին պատմող հոդվածը հրապարակված է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 1997թ. հոկտեմբերի 14-ի համարում:

Խոսելով Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման գործընթացի մասին՝ Լ. Տեր-Պետրոսյանը, մասնավորաբար, ասել է. «…պետք է անմիջական բանակցություններ վարվեն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի իշխանությունների միջև»:

Մեջբերումից կրկին պարզվում է, որ Ադրբեջանը չի բանակցում Արցախի հետ:

ՓԱՍՏ ՅՈԹԵՐՈՐԴ

7. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 1997թ. դեկտեմբերի 19-ի համարում հրապարակված է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում՝ ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդում, ՀՀ արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի 1997թ. դեկտեմբերի 18-ին ունեցած ելույթը:

Անդրադառնալով Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորմանը՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Ա. Արզումանյանը, մասնավորապես, ասել է. «…հավատացած ենք, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ոչ մի համաձայնություն չի կարող ձեռք բերվել առանց բանակցություններում Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցության:»:

Մեջբերումից կրկին պարզվում է, որ 1997թ. դեկտեմբերի դրությամբ Արցախն անմիջականորեն չի մասնակցում հակամարտության կարգավորման բանակցություններին:

Այսպիսով, վերը հիշատակված մամուլի թվով յոթ հրապարակումներն անառարկելիորեն վկայում են, որ՝

• Ադրբեջանի առաջարկությամբ և Հայաստանի համաձայնությամբ սկսած առնվազն 1996 թվականի հունվարից Արցախը դուրս է մնացել մինչ այդ ընթացող եռակողմ՝ Ադրբեջան, Արցախ, Հայաստան, անմիջական բանակցություններից և այլևս չի մասնակցել դրանց:

• Արցախը դուրս է մնացել մինչև 1996 թվականի հունվար ամիսն ընթացող եռակողմ անմիջական բանացություններից Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման օրոք վերջինիս համաձայնությամբ:  

   

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ

քաղաքագետ

 

Добавить комментарий