Իրանը շարունակելու է ամուր կապեր հաստատել ասիական պետությունների հետ. Ալի Խամենեի
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանին մեկուսացնելու թշնամիների ծրագրերը ձախողվել են, և ասիական երկրների հետ Թեհրանի կապերը զգալի աճ են գրանցել։ Ինչպես հաղորդում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, Ալի Խամենեին այս մասին ասել է Նովրուզի տոնի (իրանական ամանոր - խմբ․) կապակցությամբ իր ունեցած ելույթում։
Իրանի առաջնորդը շեշտել է, որ երկիրը շարունակելու է ամուր կապեր հաստատել ասիական պետությունների հետ։ Նրա խոսքով՝ այն, ինչ ձգտում են թշնամիները վերացնել, անվանում են «վերափոխում», սակայն իրականում դա Իրանի Իսլամական Հանրապետության ինքնության փոփոխությունն է։
Վերջինս հայտնել է, որ Իրանի թշնամիները փորձում են իսլամական ժողովրդավարությունը վերածել ամբարտավանության գոհացուցիչ կառավարության: «Նրանց նպատակն է վերացնել այն ամենը, ինչը մարդկանց հիշեցնում է (իսլամական - խմբ․) հեղափոխությունը և իսլամը»,- ասել է նա։
Ալի Խամենեին նաև ողջունել է իրանցիների ամուր հավատն ու ինքնագնահատականը՝ մի քանի տասնամյակ շարունակ օտարերկրյա ռազմական գործողություններին դիմակայելու հարցում:
Անդրադառնալով Իրանում տեղի ունեցած վերջին անկարգություններին՝ Իսլամական հեղափոխության առաջնորդն ընդգծել է, որ մի քանի արևմտյան պետությունների ղեկավարներ բացահայտ կերպով աջակցել են անկարգություններին։ Նա ուշադրություն է հրավիրել նաև այն բանին, որ որոշ արևմտյան երկրներ աջակցել են անկարգություններին ոչ միայն բանավոր, այլև զենք և ֆինանսական օգնություն տրամադրելով:
Добавить комментарий