Թալիշում տեղի ունեցածն Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականության հիմնավոր ապացույց է․ Փաշինյան
Բերձորի միջանցքի ապօրինի արգելափակման 100-րդ օրը Ադրբեջանը նշանավորեց Լեռնային Ղարաբաղ բնական գազի մատակարարման 13-րդ անջատումով։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստին։
«Սրան նախորդեց Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման ենթարկված Թալիշ գյուղում Ադրբեջանի ղեկավարի ունեցած ելույթը, որն այլ կերպ, քան ագրեսիվ, դժվար է որակել։
Թալիշ գյուղում տեղի ունեցածն Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության հիմնարար, հիմնավոր ապացույց է։ 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափված այդ գյուղում սեփականության իրավունքով հայերին պատկանող տներն Ադրբեջանը քանդում է և նրանց փոխարեն կառուցում ադրբեջանցիների համար նախատեսված տներ։ Այն, ինչի մասին ահազանգում էինք երկար ժամանակ, ահա արդեն իրականություն է»,- ասել է Փաշինյանը։
Ըստ նրա՝ Ադրբեջանի ղեկավարությունը ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման կամ «ինտեգրացիայի» իր մոդելը՝ սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդել, դրանց փոխարեն կառուցել ադրբեջանցիների համար նախատեսված տներ, զուգահեռ հինավուրց հայկական կոթողների վրայից ջնջել հայերեն արձանագրությունները և հարցը համարել լուծված։
«Այս գործողություններն ապօրինի են և բացահայտ կերպով հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետին, որտեղ, հիշեցնեմ, ասվում է․ «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո»։
Սա նշանակում է, որ մարտի 18-ը պետք է նշանավորվեր հայ բնակչության Թալիշ վերադառնալով և ոչ թե նրանց տները քանդելու վանդալային ակտով»,- նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարության այս գործողություններին հետևեց Լեռնային Ղարաբաղից և հարակից շրջաններից բռնագաղթած մեր հայրենակիցների հայտարարությունը, որոնք 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած երկրների ղեկավարներից, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարից պահանջում են ապահովել Լեռնային Ղարաբաղից և հարակից շրջաններից բռնագաղթած հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձ իրենց պատմական հողեր և նախկին բնակավայրեր՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների, մարդու և մարդասիրական իրավունքի։
«Որպես նշված հայտարարության հասցեատերերից մեկը՝ ուզում եմ հստակ ընդգծել, որ նշված պահանջն արդարացի եմ համարում, և Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է ձեռնարկի քաղաքական և դիվանագիտական բոլոր միջոցները հայտարարության հեղինակների և շահառուների իրավունքները պաշտպանելու համար»,- եզրափակել է վարչապետը։
Добавить комментарий