Այսօր 2 տարի է` Արցախն առանց հայերի է. լրանում է հայկական Արցախի հայաթափման տարելիցը
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի վրա։ Հարձակմանը նախորդել էր Արցախի գրեթե տասնամսյա շրջափակումը։
Թշնամին ռազմական օբյեկտների և մարտական դիրքերի հետ միաժամանակ սկսեց ռմբակոծել նաև բնակավայրերը։
Տասնամսյա շրջափակումից հյուծված արցախցին մենակ մնաց թուրք-ադրբեջանական արնախում ու հայատյաց տանդեմի դիմաց, սակայն զենքը վայր չդրեց և պայքարեց ինչքան հնարավոր էր։
Ցավոք, ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվեց 223 մարդ, այդ թվում՝ 20 խաղաղ բնակիչ, որոնցից 6-ն անչափահաս էր։
Կրակը դադարեց միայն սեպտեմբերի 20-ին, երբ Արցախի իշխանություններն ընդունեցին զենքերը վայր դնելու Բաքվի առաջակը, որ փոխանցվել էր Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության միջոցով։
Նույն օրը Բաքուն Ղարաբաղի հայերի ինտեգրման ծրագիր հրապարակեց և հայտարարեց, թե հանդիպում է նախապատրաստում Արցախի ներկայացուցիչների հետ։
Այս հանդիպումից մեկ շաբաթ անց Լեռնային Ղարաբաղի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց՝ 2024-ի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարելու վերաբերյալ։ Փաստաթուղթն այդպես էլ չհրապարակվեց։ Ավելի ուշ արդեն Հայաստանում ինքը՝ Շահրամանյանը հայտարարեց՝ ոչ մի փաստաթուղթ չի կարող լուծարել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը։
Տասնամսյա շրջափակումից, 24-ժամյա ռազմական գործողությունից ու Արցախը լուծարելու մասին հայտարարությունից հետո ավելի քան 100 հազար մարդ բռնեց գաղթի ճանապարհը դեպի Հայաստան։
Այդ օրերի ընթացքում Ադրբեջանը ձերբակալեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, այդ թվում՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին, նախկին երեք նախագահներին։ Նրանք 15 մյուս գերիների հետ բանտարկված են Բաքվում։
Հայաստանի իշխանությունների սխալ քաղաքականության ու անգործության հետևանքով հազարամյակներով հայկական Արցախը դատարկվեց. այսօր թշնամին պղծում է հայկական գերեզմանները, հողին հավասարեցնում ամբողջ գյուղեր, ոչնչացնում հայկական դարավոր մշակութային կոթողներն ու եկեղեցիները։ Միջազգային խաղացողներն ու քաղաքակիրթ աշխարհը, այս ամենը տեսնելով, լռում են...
Սակայն հայը չի մոռացել ու երբեք էլ չի մոռանա ոչ արնախում թշնամու արածը, ոչ Արցախի հայկական լինելը ու ոչ էլ հայրենիք վերադառնալու իր իրավունքը` ամրագրված միջազգային օրենքներով։
Հայը կպայքարի ու անշուշտ մի օր կվերադառնա իր Արցախ։
Սպասիր, Արցախ, քո որդիները մի օր քո գիրկն են դառնալու` քեզ այլևս երբեք օտարի ճիրաններում չթողնելու խոստումով։
Добавить комментарий