Իրանն իր ողջ հնարավորությունն ու ներուժը կօգտագործի խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու համար. Ալի Բաղերի Քանի
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Ալի Բաղերի Քանին հայտարարել է, որ Թեհրանն իր ողջ հնարավորությունն ու ներուժը կօգտագործի խաղաղ երկխոսությունների ճանապարհով հարցերը և խնդիրները լուծելու համար։
Այս մասին Բաղերի Քանին ասել է Երևանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների օկուպացմանը, Բերձորի միջանցքի շրջափակմանը և ռազմատենչ հռետորաբանության պահպանմանը։
Իրանի փոխարտգործնախարարը շեշտել է՝ Աստված դիվանագետներին ստեղծել է, որպեսզի խաղաղ երկխոսությունների միջոցով կարողանան հասնել կայունության հաստատման: Նա հույս է հայտնել նաև, որ տարածաշրջանի երկրների ղեկավարները խելամիտ կգտնվեն և խնդիրների լուծման համար կընտրեն երկխոսության ճանապարհը։
«Իրանն իր ողջ հնարավորությունն ու ներուժը կօգտագործի խաղաղ երկխոսությունների միջոցով հարցերին ու խնդիրներին լուծում տալու համար»,- ասել է նա։
Բաղերի Քանին նաև հույս է հայտնել, որ առաջիկայում տարածաշրջանի ժողովուրդների համար խաղաղություն կհաստատվի։
Добавить комментарий