Օտարերկրյա ուժերի ներկայությունը չի կարող տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ապահովել․ Իրանի փոխարտգործնախարար
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Ալի Բաղերի Քանին կարծում է, որ օտարերկրյա ուժերի ներկայությունը չի կարող տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ապահովել։ Այս մասին իրանցի պաշտոնյան ասել է Երևանում լրագրողների հետ ունեցած զրույցում։
Բաղերի Քանիի խոսքով՝ Թեհրանն ընդգծում է հարևանների հետ հարաբերությունների զարգացումը՝ որպես առաջնահերթություն: Նա նշել է, որ Իրանի արտաքին քաղաքականության հարևանության սկզբունքի մեջ իր կարևոր և ուրույն տեղն է զբաղեցնում ինչպես Հայաստանը, այնպես էլ տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատումը:
Իրանի փոխարտգործնախարարը հայտնել է, որ Հայաստանում կայացած հանդիպումների ժամանակ շեշտվել է Թեհրանի կայուն դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում: «Մենք հանդիպումների ընթացքում ընդգծեցինք, որ Իրանը տարածաշրջանում միշտ հաստատուն ու վստահելի գործընկեր է խաղաղության և անվտանգության հաստատման գործում»,- ասել է նա:
Վերջինս հավելել է, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխավորը բացառապես տարածաշրջանային երկրներն են։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ օտարերկրյա ուժերի ներկայությունը չի կարող կայունություն ապահովել, քանի որ նրանք այլ նպատակներ են հետապնդում։
Добавить комментарий