Գործնականում բացառում եմ, որ Փաշինյանի ու Ալիևի խոսակցությունը կարող էր լինել խաղաղության մասին. քաղաքագետ
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.
Կոպենհագենում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիեւի զրույցը ներկայացվում է հանդիպում, ընդ որում այնպիսի պաշտոնական հաղորդագրությամբ, որը համարժեք է իսկապես երկկողմ կամ բազմակողմ հանդիպումներին: Մինչդեռ, ակնհայտ է՝ թե հանդիպման «միջավայրից», թե՞ «մասնակիցների» վարքագծային «անտուրաժից», որ տեղի ունեցածն ընդամենը զրույց է սուրճի սեղանի շուրջ, պարզապես առանց սուրճի:
Այլ կերպ ասած, հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիեւին դարձյալ առաջարկել է «սուրճ խմել», ինչպես Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության նախորդ՝ ալբանական գագաթնաժողովի շրջանակում, որ տեղի ունեցավ հունիսի սկզբին Տիրանայում:
Խմել են սուրճ, թե ո՞չ, չգիտեմ, բայց հատկանշական է մի բան, որ Կոպենհագենում զրույցից առաջ ադրբեջանական կողմը փաստորեն իր ոչ պաշտոնական խոսափողերից մեկի՝ նախկին ԱԳ նախարար Զուլֆուգարովի շուրթերով բարբառեց, թե Մոսկվայում Պուտինը Փաշինյանին արգելել է կատարել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերած պայմանավորվածությունները:
Ընդ որում, Զուֆուգարովի այդ հարցազրույցի ֆոնին թերեւս ուշադրության է արժանի այն, որ դրանից մի քանի ժամ անց՝ Զուլֆուգարովի հարցազրույցի հանրայնացումից մի քանի ժամ անց, Հայաստանում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին Նիկոլ Փաշինյանը ներկայացել էր օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված թղթով, որը ցուցադրում էր ամբիոնից՝ իր, Ալիեւի եւ Թրամպի ստորագրությամբ:
Նիկոլ Փաշինյանն իհարկե դա անում էր այսպես կոչված զանգեզուրյան միջանցքի թեմայի վերաբերյալ հարցուպատասխանի համատեքստում, սակայն խորհրդարանի ամբիոնից ստորագրված թուղթը ցույց տալը իհարկե անկասկած մտածված, ծրագրված ժեստ էր, անկախ, թե ինչ համատեքստում է արվել դա: Առավել եւս, որ Փաշինյանը այդպիսով փաստացի արձանագրում էր, որ Ալիեւն է խախտողը, երբ խոսում է «զանգեզուրյան միջանցքի» մասին:
Այդ համատեքստում, ի՞նչ են խոսել նրանք Կոպենհագենում՝ «սուրճի սեղանի» շուրջ, կարող ենք իհարկե միայն ենթադրել: Գործնականում բացառում եմ, որ այդ խոսակցությունը կարող էր լինել խաղաղության մասին:
Добавить комментарий