Առաջիկա ընտրապայքարում քրդերն Էրդողանի դեմ պայքարում վճռորոշ դեր են խաղում. «Reuters»
Թուրքիայում կայանալիք ընտրությունների համատեքստում քրդերը վճռորոշ դեր են խաղում Էրդողանի դեմ պայքարում։ Այս մասին տեղեկացնում է «Reuters» լրատվական գործակալությունը՝ անդրադառնալով Թուրքիայում կայանալիք համապետական ընտրություններին։
Լրատվամիջոցը շեշտել է, որ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո երկրի իշխանությունները դժվար փորձության առաջ են կանգնած։ Հոդվածի հեղինակը հայտնել է, որ քրդերը, որոնք մինչև այժմ հետին պլան էին մղվել, այժմ կարող են վճռորոշ դեր ունենալ ընտրություններում և որոշել՝ Էրդողանը կերկարաձգի՞ իր իշխանությունը, թե՞ ոչ։
Նշվում է, որ հարցումների համաձայն՝ քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության» վարկանիշը գերազանցում է 10 տոկոսը, հետևաբար կուսակցությունն առանցքային դեր է խաղալու առաջիկա ընտրություններում, որոնք կորոշեն, թե ով է ղեկավարելու երկիրը։
Լրատվական գործակալությունը նաև շեշտել է, որ Էրդողանին քրդերի աջակցությունը նվազել է, քանի որ վերջինս ազգայնական գիծ է որդեգրել։ Գործակալությունը հայտնել է, որ երկար ժամանակ Էրդողանը փորձել է ամեն կերպ սիրաշահել քրդերին և ստանալ նրանց աջակցությունը, քանի որ նրանք կազմում են Թուրքիայի բնակչության 20 տոկոսը։
«Reuters»-ի հետ զրույցում քրդամետ կուսակցության պատգամավոր Իմամ Թաշչըերը նշել է, որ ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ընդունում է քրդական խնդիրը՝ չբացառելով, որ քրդերը կարող են աջակցել նրան։
Добавить комментарий