նմ

Կարգալույծ է արվել Տեր Արամ քահանա Ասատրյանը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է արվել Տեր Արամ քահանա Ասատրյանը: 

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հաղորդագրության համաձայն՝ նրան կարգալույծ հռչակելու համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը, ինչպես նաև Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը: Ըստ հայտարարության՝ Տ. Արամ քահանա Ասատրյանը՝ «Հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ Եկեղեցին, Թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին: 

 

Անտեսելով Թեմակալ Առաջնորդի հորդորներն ու հրահանգները՝ հարատևել է կարգազանց ընթացքի մեջ: Վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագներին կամայականորեն զեղչել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ Առաջնորդի անունների հիշատակության հատվածը՝ այդ քայլով, ըստ էության, իրեն դուրս դնելով Եկեղեցուց: Երիցս համառել է ներկայանալ Հանձնախմբի նիստերին, շրջանցելով վերջինիս հեղինակությունն ու իրավասությունները, ինչպես նաև իր անարգալից վարքագծով դրժել հնազանդության ուխտը»: 

 

Այսուհետ, ըստ հաղորդագրության Արամ քահանա Ասատրյանը կդասվի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով: ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքելով հայտարարել է՝ «խստորեն դատապարտում եմ Կտրիճ Ներսիսյանի հերթական հակաեկեղեցական քայլը»:

 

 «Տեր Արամին կարգալույծ անելը որևէ կերպ արդարացված չէ և Կտրիճ Ներսիսյանի ապօրինի ճնշումների մաս է: Կտրիճ Ներսիսյանը ոչ միայն պիտի լքի վեհարանը, այլ հենց ինքը պիտի կարգալույծ արվի», - նշել է նա:

Добавить комментарий