ԱՄՆ-ն պատժամիջոցի չի ենթարկի Ադրբեջանին. սա կառավարող քարոզչության հերթական մանիպուլյացիան է. քաղաքագետ
Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.
Կառավարող քարոզչությունը դաշտ է բերել նոր բան, թե՝ ԱՄՆ պատրաստում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ, ու թող հանկարծ համարձակվի Ալիեւը որեւէ բան այն չանել Թրամպի ուղղու հետ, նոր կտեսնի իր հալը:
Ներեցեք, որ այսպես ֆոլկլորային ներկայացրի: Ի վերջո, այդ նարատիվն էլ բերվել է նույն տրամաբանությամբ՝ ազդեցություն մարդկանց ուղեղների վրա, ապավինելով ընդամենը կենցաղային ընկալումներին:
Մինչդեռ, ինչպես նշել եմ մի քանի անգամ, պետք է մարդկանց ներկայացնել իրերի դրությունն ըստ էության: Հետո թող արդեն դրա վրա նրանք կառուցեն իրենց մոտեցումները, կարծիքը, որոշեն, թե ինչն են ընտրում, ինչը՝ ոչ: Բայց, նրանց պետք է մատուցել իրերի դրությունը, որովհետեւ այն, ինչ մատուցվում է պրոպագանդիստական նարատիվներով, միտված է հենց ծածկել բուն պատկերը:
Իսկ բուն պատկերն այն է, որ ԱՄՆ ոչ միայն որեւէ պատժամիջոցի չի ենթարկի Ադրբեջանը, որովհետեւ դա կնշանակի Ադրբեջանը ուղղակի մղել Ռուսաստանի ու Չինաստանի լայն բացված գիրկը, եւ միեւնույն ժամանակ՝ պատժամիջոցի ենթարկել Թուրքիային, այլեւ ԱՄՆ նախագահ Թրամպն ինքն է Շարմ Էլ Շեյխում կայացած մերձավորարեւելյան գագաթնաժողովում շրջվել դեպի Ալիեւն ու ասել, որ «ահա այս մարդու համար եմ արել ամեն ինչ»:
Իսկ ի՞նչ է արել Թրամպը: Ադրբեջանի համար գրել է «անխոչընդոտ ճանապարհի» մասին հռչակագիր: Առաջին փաստաթուղթը, որտեղ Հայաստանին վերագրվում է Ադրբեջանին «անխոչընդոտ ճանապարհ» տրամադրելու մասին արձանագրում:
Մանիպուլյացիաները, թե նույնն էր նոյեմբերի 9-ը, կարող են աշխատել միայն անգրագետ մարդկանց համար, որոնք չեն կարող կարդալ նոյեմբերի 9-ի 9-րդ կետն ու տեսնել, որ այնտեղ խոսքը բեռնա եւ ուղեւորափոխադրումների «անխոչընդոտ տեղաշարժի» մասին է, ինչը էապես տարբեր բան է, քան «անխոչընդոտ ճանապարհը»:
Добавить комментарий