Էրդողանը երկու նոր անօդաչու թռչող սարք է ներկայացրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական արտադրության երկու նոր անօդաչու թռչող սարքերի լուսանկարներ է հրապարակել։ Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի նախագահի թվիթերյան պաշտոնական էջից։
Հաղորդվում է, որ «Բայկար» տեխնոլոգիական ընկերության արտադրած անօդաչու թռչող սարքերից մեկի առանձնահատկությունների թվում է ուկրաինական «AI-25TLT» շարժիչը։
Էրդողանը հրապարակել է «Bayraktar Kızılelma» տեսակի անօդաչու թռչող սարքի լուսանկարը։ Այս անօդաչու թռչող սարքն ունակ է վայրէջք և թռիչք կատարելու կարճ թռիչքուղիներով նավերի վրա, ինչպիսին է «TCG Anadolu» նավը։
Նշենք, որ «Bayraktar Kızılelma»-ն ռեակտիվ շարժիչով կրիչի վրա հիմնված անօդաչու թռչող սարք է, որը կարող է տեղափոխել մեկուկես տոննա օգտակար բեռ: Տեխնիկական բնութագրերի համաձայն՝ դրոնի առավելագույն արագությունը 900 կմ/ժ է, հեռահարությունը՝ 930 կմ, թռիչքի տևողությունը՝ 5 ժամ։ Այս անօդաչու թռչող սարքն արդեն փորձարկվել է 18 րոպե տևողությամբ թռիչքով։
Հրապարակված լուսանկարում «Bayraktar Kızılelma»-ի ետևում երևում է «Bayraktar TB3» մարտական անօդաչու թռչող սարքը։ «Բայկարի» գործադիր տնօրեն Սելջուկ Բայրաքթարը հայտնել է, որ «Bayraktar TB3»-ը պատրաստվում է իր առաջին թռիչքին։ Այս անօդաչու թռչող սարքը նույնպես կապված կլինի «Անադոլու» դեսանտային նավի հետ։ Նոր անօդաչու թռչող սարքն ունի ծալովի թևեր և կարող է տեղափոխել մինչև 280 կգ զինամթերք։
Добавить комментарий