Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ միջուկային բանակցությունների դուռը հավերժ բաց չի մնա
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ իրանական միջուկային գործարքի հարցով բանակցությունների դուռը հավերժ բաց չի մնա։ Ինչպես հաղորդում է «Դետք»-ը, այս մասին Աբդոլլահիանն ասել է «Aljazeera» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Իրանցի բարձրաստիճան դիվանագետը հարցազրույցի ընթացքում խոսել է նաև տարածաշրջանին և Իրանին առնչվող մի շարք այլ հարցերի մասին։ Անդրադառնալով Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունները վերականգնելու համաձայնագրին՝ Աբդոլլահիանն ասել է, որ Սաուդյան Արաբիայի թագավորն Իրանի նախագահին հրավիրել է Էր Ռիադ, իսկ Իրանի նախագահն առաջիկայում Սաուդյան Արաբիայի թագավորին կհրավիրի Թեհրան։
Ինչ վերաբերում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության հարցին, Իրանի գլխավոր դիվանագետը նշել է, որ իր երկիրը հավատարիմ է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությանը։ Նա միևնույն ժամանակ ողջունել է Կատարի դրական դերը միջուկային գործարքի շուրջ բանակցություններում և գերիների փոխանակման հարցում։
Հիշեցնենք, որ Իրանի միջուկային գործարքը ստորագրվել է 2015 թվականի հունիսին Իրանի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների և Գերմանիայի միջև: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին միակողմանիորեն դուրս եկավ գործարքից, մինչդեռ ներկայիս նախագահ Ջո Բայդենն ազդարարեց, որ պատրաստ է կրկին կյանքի կոչել համաձայնագիրը։
Այս նպատակով 2021 թվականի ապրիլից կողմերը բանակցություններ են վարում, սակայն դրանք դեռևս արդյունք չեն տվել։
Добавить комментарий