Հակոբ

ՀՀ-ն երբ և ինչպես կորցրեց Ադրբեջանի հետ ռազմական բալանսը. Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Հարցադրում է արվում, թե ՀՀ-ն երբ եւ ինչպես կորցրեց Ադրբեջանի հետ ռազմական բալանսը:

Եվ այդ հարցադրմանը լուրջ դեմքով հնչում են պատասխաններ, որոնց հավաքական իմաստը իհարկե պարզ է եւ «հստակ»՝ պատճառները գնում են դեպի «նախկիններ»:

Գործնականում, հարցադրումը ըստ էության մանիպուլյատիվ է ի բնե, որովհետեւ Հայաստանը գործնականում երբեք չի ունեցել Ադրբեջանի հանդեպ այսպես ասած կայուն ռազմական բալանս: Եվ սրա պատճառը շատ պարզ է՝ Հայաստանը չի ունեցել այն միջոցները եւ անգամ այն լոգիստիկան, որ ուներ Ադրբեջանը:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական բալանսը չի խախտվել, այն պարզապես՝ չի եղել: Հայաստանը ռազմական բալանսի այդ բացակայությունը փոխհատուցել է կամ փոխլրացրել է դիվանագիտական աշխատանքի բազմաշերտության մի ամբողջ համալիրով, բավականին բարդ համալիրով, որում ներգրավված է եղել թե Հայաստանի հանրապետության դիվանագիտական կորպուսը, թե նաեւ արտերկրում գտնվող սփյուռքի կառույցները, դրանցից յուրաքանչյուրն իր ինստիտուցիոնալ հնարավորություններով:

Նավթի բարձր գների պայմաններում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բալանսի տարբերությունը բնականաբար բարձրանալու էր: Հայաստանն այդ իմաստով իհարկե պրակտիկ առումով չուներ այլընտրանք, քան էապես բարձրացնել «փափուկ ուժով» բալանսավորման մեխանիզմների էֆեկտիվությունը:

Իմ կարծիքով, Հայաստանը ժամանակի ընթացքում սկսել է թերանալ հենց այդտեղ:

«Փափուկ ուժը» այսպես ասած «ռեսթարտ» անելու մեծ հնարավորություն էր այն փոփոխությունը, որ եղավ 2018 թվականին: Բայց, հենց այդ հնարավորությունն է, որ մսխվեց «բնազդային» պարզունակ կառավարման մեթոդաբանության ընտրությամբ: Վերջապես ավելի բարդ, բազմաշերտ եւ հետեւաբար առավել ճկուն ու կենսունակ հասարակական-քաղաքական, պետական մեխանիզմ ձեւավորելու հնարավորությունը «մսխվեց» այսպես կոչված «թալանի» ու «թավիշի» անխնա շահագործմամբ:

Ովքե՞ր էին այն մարդիկ  ու խմբերը, որոնք անհագորեն սնուցում էին Հայաստանում այդ մոդելի «երկարակեցությունը», ու անում են դա առ այսօր, Հայաստանի հանրապետությունը այդպիսով շարունակելով վերախել անհնարինության աստիճանի պրիմիտիվ օրգանիզմի:

2018-ին Հայաստանը բաց թողեց ոչ միայն իր համապարփակ «փափուկ ուժի» մեխանիզմը վերագործարկելու եւ ավելի թափ հաղորդելու հնարավորությունը, այլ ըստ էության ժամանակի ընթացքում սկսեց կառավարող ուժի կամ անձի ակտիվ քաղաքականությունը հենց այդ մեխանիզմի դեմ:

Խորացվեցին բաժանարար գծեր սփյուռքում, սկսեցին հարվածի տակ հայտնվել ավանդական, տասնամյակներով ձեւավորված, կապեր, փորձ, գիտելիք, ընդհուպ օտարերկրյա վերնախավերի հոգեբանություն ուսումնասիրած կազմակերպությունները, իսկ դրանց փոխարեն ստեղծվել այսպես ասած նորերը՝ սփյուռքի թարմացման անվան տակ:

Գործնականում, չկար ոչ մի թարմացում, որովհետեւ թարմացումը չի կարող լինել գոյություն ունեցող սյուները հարվածի տակ դնելով, այլ կարող է ծավալվել հենց այդ սյուների շուրջ:

Այլ կերպ ասած, հայկական «փափուկ ուժի» նկատմամբ սկսեց գերակայել հենց Հայաստանի կառավարող ուժի միջոցով կիրառվող այլ «փափուկ ուժի» մարտավարական ու ռազմավարական նպատակների ամբողջությունը:

Հենց այդ դաշտում է տեղի ունեցել բալանսի ճակատագրական խախտումը:

 

Добавить комментарий