Արևմուտքը չի ցանկանում դադարեցնել այս պատերազմը. Լավրովը՝ Բլինքենի հայտարարության մասին
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը հայտարարել է, որ Արևմուտքը չի ցանկանում դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը։ «Դետք»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Լավրովն Ուկրաինայում անհապաղ զինադադար հաստատելու անթույլատրելիության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքերն անվանել է մակերեսային վերլուծություն։ Նրա խոսքով՝ Արևմուտքը չի ցանկանում պատերազմը դադարեցնել, քանի որ այս պատերազմում հետապնդում է իր աշխարհաքաղաքական շահերը։
Ռուսաստանի գլխավոր դիվանագետը հայտնել է, որ Արևմուտքը Ռուսաստանի հետ միասին ձգտում է նաև չեզոքացնել Չինաստանին։ Նրա խոսքով՝ չինական կողմը լավ գիտակցում է, որ իրենք նույնպես ՆԱՏՕ-ի փաստաթղթերում արդեն իսկ ճանաչված են որպես մրցակիցներ և երկարաժամկետ հակառակորդներ, որոնց նույնպես պետք է չեզոքացնել։
«Ուստի Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը և շատ այլ երկրներ կտրականապես դեմ են արևմտյան հեգեմոնիա հաստատելու փորձերին, ինչպես փորձում են անել Վաշինգտոնն ու նրա կամակատարները»,- եզրափակել է նա։
Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Դետք»-ը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ուկրաինայում անհապաղ հրադադար հաստատելու կոչերն անվանել էր ցինիկ ծուղակ։
Добавить комментарий