Ադրբեջանի ՊՆ-ն արձագանքել է իրանցի բարձրաստիճան հրամանատարի հայտարարություններին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է ցամաքային զորքերի հրամանատար Քիումարս Հեյդարիի հայտարարությունները։ Այս մասին «Դետք»-ը տեղեկանում է Ադրբեջանի ՊՆ-ի պաշտոնական հաղորդագությունից։
Ադրբեջանի ՊՆ-ն Քիումարս Հեյդարիին մեղադրել է «տգեղ և զրպարտչական կարծիքներ հնչեցնելու մեջ»։ Հայտարարության համաձայն՝ «Ադրբեջանում օտարերկրյա որևէ ուժի առկայության վերաբերյալ իրանական կողմի մեղադրանքը «անհիմն է և միանգամայն անընդունելի, քանի որ Ադրբեջանում առհասարակ օտարերկրյա ուժեր չկան»։
Պաշտոնական Բաքուն պնդել է, թե, իբր «Հայաստանը 30 տարի օկուպացրել է Ադրբեջանի տարածքները, այդ թվում՝ իրանա-ադրբեջանական պետական սահմանի 132-կիլոմետրանոց հատվածը»՝ մեղադրելով իրանական կողմին այդ ընթացքում երբևէ Հայաստանին չմեղադրելու մեջ։ «Այսօր ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանն աշխարհում երկու հիմնական դաշնակից ունի, որոնցից մեկը Ֆրանսիան է, երկրորդը՝ Իրանը»,- նշվում է հայտարարությունում։
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հայտնել է նաև, որ «Ադրբեջանն աջակցում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը և չի միջամտում պետությունների ներքին գործերին»։
Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմում Ադրբեջանի կողմից «Իսլամական պետության» ահաբեկիչներ օգտագործելու մեղադրանքին, Բաքուն պնդել է, թե իբր իր բանակը միայնակ է տարածքներ գրավել և հաղթական տարեգրություն գրել։
Հիշեցնենք, որ, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Դետք»-ը, Քիումարս Հեյդարին Ադրբեջանին մեղադրել էր տարածաշրջան ահաբեկիչներ բերելու, ինչպես նաև Իրանի հետ սահմաններին իսրայելական ուժեր տեղակայելու մեջ։
Добавить комментарий