Բրյուսելը շահագրգռված չէ Երևանի և Բաքվի միջև վստահության ձևավորման հարցում․ Զախարովա
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ անհրաժեշտ է լսել Երևանին և Բաքվին, այլ ոչ թե նրանց, ովքեր երբեք չեն եղել կարգավորման միջնորդ, ներդրումներ չեն կատարել և չեն հասել գործնական արդյունքների: Ինչպես տեղեկացնում է «Դետք»-ը՝ հղում անելով ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը, այս մասին Զախարովան ասել է՝ մեկնաբանելով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի վերջին հայտարարությունը։
Նա շեշտել է, որ երբեմն կողմերն ունեն տրամագծորեն տարբեր տեսակետներ, որի հետևանքով լինում են ծայրահեղ բարդ իրավիճակներ, սրացումներ: Զախարովայի համոզմամբ՝ կողմերը կարող են համաձայնության հասնել, որի համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ ստեղծել, աջակցել փոխըմբռնմանը, այլ ոչ թե հակառակը։
Ռուս պաշտոնյան շեշտել է, որ Հարավային Կովկասում Եվրամիությունն ապակառուցողական նպատակներ ունի և շահագրգռված չէ Երևանի և Բաքվի միջև վստահության ձևավորման հարցում։ «Բրյուսելում շահագրգռված չեն վստահություն ձևավորելու և կողմերի դիրքորոշումները մոտեցնելու հարցում։ Բրյուսելում իրենց ոչ հմուտ, ոչ պրոֆեսիոնալ, չմտածված, անազնիվ ու անդադար ակտիվությամբ հրահրում են հակասությունը Բաքվի ու Երևանի միջև»,- հայտարարել է նա։
Մարիա Զախարովան միևնույն ժամանակ կոչ է արել հրաժարվել նման առճակատման սցենարից։ Նա հիշեցրել է, որ 2020 թվականի նոյեմբերին և 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված բախումները դադարեցվել են հենց Ռուսաստանի ջանքերով։
Добавить комментарий