Опубликовано detq-editor -
9

Թուրքիայի նախկին նախագահն աջակցություն է հայտնել Էրդողանի գլխավոր մրցակցին

Թուրքիայի նախկին նախագահ Ահմեթ Նեջդեթ Սեզերը (2000-2007) առաջիկա նախագահական ընտրություններում աջակցություն է հայտնել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակից, քեմալական Հանրապետական-ժողովրդական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին։ Ինչպես հայտնում է «Դետք»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը։

Հաղորդվում է, որ Քըլըչդարօղլուն հյուրընկալվել է Ահմեթ Նեջդեթ Սեզերի տանը՝ վերջինիս խնդրանքով։ Հանդիպումն անցկացվել է լրատվամիջոցների համար փակ ձևաչափով, որից հետո Թուրքիայի նախկին նախագահը հայտարարություն է տարածել։ «Ես աջակցում եմ Քեմալ Քըլըչդարօղլուին։ Մաղթում եմ, որ նա հաջողի»,- հայտարարել է նա։

Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կայանալու են մայիսի 14-ին։ Ընտրապայքարում Էրդողանի գլխավոր մրցակիցն ընդդիմադիր վեց կուսակցություններից ձևավորված «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու, քեմալական Հանրապետական-ժողովրդական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն է։

Добавить комментарий